Բացել լրահոսը Փակել լրահոսը
Բալու_3
A A
Պաշտոնական

Տարիներ շարունակ շղթայի վրա պահված Բալու արջն այսօր երջանիկ է

2018թ․-ի մարտ ամսին Վերին Արտաշատից Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC) է տեղափոխվել Բալու արջը, որն ուներ ծանր հոգեկան և վարքաբանական խնդիրներ: Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի մասնագետների աշխատանքի շնորհիվ Բալուն այսօր այնպիսին է, ինչպես տեսանյութում: Բալու արջի մոտ դեռևս պահպանվել են որոշ վատ «հիշողություններ» իր նախկին ապրելավայրի և խնամքի մասին, սակայն իրականացվող ամենօրյա աշխատանքի շնորհիվ խնդիրները լուծվում են։ 

Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC) ապաստարան են ստացել Հայաստանի տարբեր մասնավոր տարածքների անբարենսպաստ պայմաններից փրկված տասնյակից ավել կարմիրգրքյան արջեր։  Կենդանիները Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) հետ համատեղ իրականացվող Արջերի փրկության ծրագրի (The Great Bear Rescue) շրջանակներում փրկարար կենտրոն են տեղափոխվել ամենատարբեր վայրերից՝ ռեստորաններից մինչև պանրի գործարան։

Բալու արջը տարիներ շարունակ պահվել է Վերին Արտաշատում գտնվող տներից մեկի բակում՝ շղթայի վրա, մինչ 2018թ․-ին տեղափոխվել է առավել լավ պայմաններ ապահովող ապաստարան։ 

Կենտրոնի մասնագետներն արջերի փրկության ծրագրի շրջանակներում փրկված բոլոր արջերի նկատմամբ ցուցաբերում են առանձնահատուկ վերաբերմունք․ ուսումնասիրելով յուրաքանչյուր արջի կարիքները, բնավորության գծերը և ֆիզիկական տվյալները, մեր մասնագետներն ընտրում են հատուկ սննդակարգ, կիրառում են զբաղվածության տարատեսակ միջոցներ և ապահովում են բարձր տրամադրություն։ Տեսանյութում, օրինակ, արջերի համար զբաղվածության ապահովման ընթացքից մեկ հատված է։ Բացի այն, որ կենդանիները ստանում են բնական սնունդ, մեր մասնագետների հնարամտության շնորհիվ նրանք նաև ապահովվում են զբաղվածության անհրաժեշտ միջոցներով․ ստեղծվում է այնպիսի միջավայր, որ արջն ինքնուրույն, ջանք գործադրելով «հայթայթի» իր սնունդը, ինչի ընթացքում տեղի են ունենում մի շարք կարևոր բնազդային գործընթացներ։ 

Մինչ այսօր ՀՀ տարբեր մասնավոր տարածքում շարունակում են բանտարկված մնալ շուրջ 20 արջեր, որոնք ունեն մասնագիտական օգնության կարիք և սպասում են իրենց հերթին։ 

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (FPWC)