Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Դատարանը պարտավոր չէր հետևել ասուլիսին և հետևություն անել․ Քոչարյանի պաշտպանը՝ իրավահաջորդների՝ դատարան չներկայանալու մասին (տեսանյութ)

Դռնփակ ռեժիմում կատարվեց բավականին ծավալուն քննություն, մանրամասները ենթակա չեն հրապարակման։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան  Արամ Վարդևանյանը․

«Դատարանը որոշ հավելյալ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտություն տեսավ, քանի որ արդեն փաստաթղթեր են ներկայացվել, դրանով իսկ նիստը հետաձգվեց, նշանակվեց առաջիկա երեքշաբթի օրը, 13։00-ին»։

Հիշեցնենք, որ  Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները այսօր միջնորդեցին դռնփակ ռեժիմով քննարկել իրենց պաշտպանյալի գույքի արգելանքի հետ կապված հարցը: 

Դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը և գործի քննությունը շարունակվեց այդ ռեժիմով։

Վարդևանյանը պնդեց՝ իրենց պահանջն է, որ Ռոբերտ Քոչարյանի գույքի և դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացվի, քանի որ, ըստ նրա՝ ՀՀ եռաստիճան դատական ատյանների կողմից այն ճանաչվել է իրավունքի խախտում, իսկ դատական ակտը պետք է կատարվի:

Ինչ վերաբերում է Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների հայտարարությանը, թե չեն մասնակցելու «անբովանդակ դատական նիստերին», Վարդևանյանը պնդեց իրենց այն տեսակետը, թե նրանք դատավարական կարգավիճակ չպետք է ունենան․

«Այսօր դատական նիստի ժամանակ, երբ խոսք գնաց գործընկերոջս՝ դատական նիստին չներկայանալու մասին, որը պարզվեց, որ հարգելի պատճառ ուներ, դատախազությունը նույն տրամաբանությամբ չխոսեց, օրինակ, պարոն Եգորյանի՝ նիստին չներկայանալու մասին: Հետաքրքիր է, որ առհասարակ որևէ տեղեկատվություն դատարանին չէր տրամադրվել, դատարանը պարտավոր չէր հետևել մամուլի ասուլիսին և դրանից հետևություն անել, մնում եմ նույն կարծիքին՝ այս դատական նիստերի մասով չի կարող լինել տուժող՝ կամ պետք է լինի ՀՀ Սահմանադրությունը որպես փաստաթուղթ, կամ երեք միլիոն բնակչությունը»։