Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները դատավարական կարգավիճակից չեն զրկվի (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստը։

Դատական նիստին այս անգամ ևս մասնակցում է ամբաստանյալ  Ռոբերտ Քոչարյանը, սակայն չեն մասնակցում Մարտի մեկի զոհերի իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները, ինչպես և նախապես հայտարարել էին։

Ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հարց բարձրացրեց դատարանում՝ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների՝ բացակայության վերաբերյալ:

Նա ընդգծեց, որ չներկայանալու պատճառ չի նշվել:

Դատավոր Աննա Դանիբեկյանն ի պատասխան ասաց՝ դատարանը նույնպես այդ հարցի շուրջ տեղեկություն չունի: 

Այնուհետև դատարանը շարունակեց քննել «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալների պաշտպանների այն միջնորդությունը, որով առաջարկում  էին դատավարական կարգավիճակից զրկել Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին և նրանց ներկայացուցիչներին, նրանց հարցաքննել միայն վկայի կարգավիճակով։

Պաշտպանները պնդում են՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում Մարտի 1-ի սպանությունների մասին որևէ խոսք չկա, իսկ գործի անջատված մասում չկա ներգրավված որևէ տուժող։

Մեղադրող կողմն, ինչպես նախորդ նիստին, այսօր ևս  առարկեց ներկայացված միջնորդությանը:  

 Պաշտպանների ներկայացրած միջնորդությունը դատավոր Դանիբեկյանը մերժեց՝ համարելով, որ այն հիմնավորված չէ, և  դատարանն իրավունք չունի դադարեցնելու տուժողների իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների դատավարական կարգավիճակը, ուստի նրանք կշարունակեն մասնակցել դատական նիստերին: 

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանի որոշումից հետո հայտարարեց՝ այն զուրկ էր իրավական բովանդակությունից։ 

Դատարանի այս որոշումը Ալումյանը  համարեց անտրամաբանական  և իրարամերժ։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ հայտարարեց՝ քրեական դատավարության օրենսգիրքը դատավարության մասնակիցներին հնարավորություն է տալիս առարկել դատավարական գործողությունների դեմ, մինչդեռ պաշտպաններն առարկում են դատարանի որոշման դեմ։

«Հիմա քրեական դատավարության օրենսգիրքը թույլ չի տալիս, որ դատարանում առարակություններ հնչեցվեն կայացված որոշումների վերաբերյալ, դրանք կարող են հնչեցվել գործողությունների վերաբերյալ», - ասաց դատախազը։ Նա դատարանին կոչ արեց թույլ չտալ կողմերին առարկություն ներկայացնել կայացված որոշումների դեմ։

Դատախազի դիտարկումների ի պատասխան՝ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, թե իր մոտ տպավորություն է, որ ինքն ու դատախազները տարբեր տեղեր են իրավաբանություն սովորել․

«Դատարանի ցանկացած որոշում գործողություն է, դատարանը խոսում և գործում է որոշումներով, դուք չեք կարող գործողություն անել, որը որոշում չէ»,-հայտարարեց նա։

Այս քննարկումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին դռնփակ ռեժիմով քննարկել իրենց պաշտպանյալի գույքի արգելանքի հետ կապված հարցը: 

Դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը, և գործի քննությունն այս պահին շարունակվում է  դռնփակ ռեժիմով։