Բացել լրահոսը Փակել լրահոսը
118860563_2739728159601629_6081093324863411238_n
A A
Պաշտոնական

Ալկոհոլային թունավորումից մահվան 3 նոր դեպք է արձանագրվել. ընդհանուր՝ 17

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 17-ը մահվան ելքով, 16 պացիենտ բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել։ Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 9 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Այս պահին հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում ալկոհոլային թունավորումից բուժում է ստանում 13 պացիենտ։

Պացիենտների մոտ նկատվել են նյարդաբանական ախտանշաններ (սրտխառնոց, գիտակցության մթագնում, գլխապտույտ), կոմատոզ վիճակ, պացիենտներից 3-ի մոտ ի հայտ է եկել կուրություն։ Այս բոլոր նախանշանները բնորոշ են մեթանոլով թունավորմանը:
Նրանցից միայն 1-ի վիճակը բժիշկները գնահատում են բավարար, իսկ մնացածը շարունակում են մնալ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում։

Կապված վերջին օրերին հանրապետությունում արձանագրված ալկոհոլային թունավորման դեպքերի հետ, որի պատճառ է հանդիսացել ոչ գործարանային արտադրության ոգելից խմիչքի օգտագործումը, ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է զերծ մնալ նմանատիպ արտադրության, անհայտ ծագման, «տնական», խանութից գնված առանց մակնշման, դեղատնից գնված սպիրտի օգտագործումից: