Բացել լրահոսը Փակել լրահոսը
01-96
A A
Պաշտոնական

Եզակի վիրահատություն. փրկվել է հիվանդի ոտքը

«Շենգավիթ» ԲԿ-ում կատարվել է բարդ, եզակի վիրահատություն ՝ սրունքի ճարպոնի փոխպատվաստում, որի արդյունքում փրկվել է հիվանդի ոտքը:

Հիվանդ՝ Ս․Ս․ 38 տարեկան դիմել է «Շենգավիթ» ԲԿ-ի Անոթային և էնդովասկուլյար վիրաբուժության ծառայություն,  խցանող  էնդարտերիտ  բյուրգերի հիվանդություն ախտորոշմամբ: Այդ մասին հայտնում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնից

«Անոթային վիրաբուժության մեջ այս հիվանդությունը համարվում է ամենավտանգավոր, չարորակ ընթացք ունեցող հիվանդություն , որը հաճախ պատճառ է հանդիսանում հաշմանդամության, վերջույթների անդամահատումների։

Հիվանդությունը շատ դժվար է ենթարկվում կոնսերվատիվ, դեղորայքային բուժման և վիրահատական միջամտության արդյունավետությունը հիմնականում ցածր տոկոս է կազմում:
Ամբողջ աշխարհում այս հիվանդությամբ պայմանավորված հաշմադամությունը զբաղեցնում է առաջին տեղը , հիվանդությունը ախտահարում է մինչև 50 տարեկան անձանց, այսինքն երիտասարդ սերնդին:
Կլինիկա դիմած հիվանդը նախկինում բուժումներ է ստացել այլ կլինիկաներում, սակայն արդյունքը ցածր է եղել և առաջացել է  փտախտ: Շարունակել է ծխել, որը խիստ հակացուցված է այս հիվանդության ժամանակ:
Կլինիկա դիմելիս մասնագիտական թիմը հաշվի է առել հիվանդության ախտահարման առանձնահատկությունը, տարիքը, և փտախտի (գանգրենա) խորության աստիճանը, որովհետև հիվանդը դիմել է արդեն ոտքի փտախտով, սևացած վերջույթով, սաստիկ ցավերով: Ընդունել է նարկոտիկ անալգետիկ ցավազրկողներ:

Որոշում է կայացվել կատարել համալիր, վերականգնողական վիրահատություն՝ սրունքի ճարպոնի փոխպատվաստում: Նման բարդ վիրահատություն ՀՀ-ում կատարվել է 4 անգամ՝ «Շենգավիթ»ԲԿ-ի «Անոթային և էնդովասկուլյար վիրաբուժական ծառայության» ղեկավար, բ․գ․թ․, անոթային և էնդովասկուլյար վիրաբույժ Արա Թադևոսյանի կողմից:
Կատարվել է  անոթների անուղակի վասկուլյարիզացիա (անոթավորում) անուղակի ռեվասկուլյարիզացիա (վերաանոթավորում), ճարպոնի լաթի փոխպատվաստում (տրանսպլանտացիա) սրունքի վրա : Վիրահատության նպատակը՝ բարելավել սրունքի մկանների արյան մատակարարումը:
 
Վիրահատության_ընթացքը 
 
Ճարպոնը գտնվում է որովայնի խոռոչում, որը ունի պաշտպանիչ նշանակություն և վերականգնող հատկություն: Վիրահատության ժամանակ ճարպոնը վերցնում են որովայնի խոռոչից և այն հատուկ մեթոդով փոխպատվաստում սրունքի վրա:
 
Վիրահատությունը ընթանում է 2 փուլով , սակայն հիվանդին կատարվել է նաև 3 րդ վիրահատությունը՝ սիմպատէկտոմիա, որի նպատակը անոթների սիմպաթիկ նյարդի նյարդավորման վրա ազդեցությունն է: Հատում են սիմպաթիկ նյարդավորումը, թողնում են միայն պարասիմպաթիկ նյարդավորումը: Պարասիմպաթիկ նյարդավորման ֆունկցիան անոթների լայնացումն է, իսկ սիմպաթիկը՝ նեղացումը: Ստացվում է, որ նեղացող ազդցություն ունեցող նյարդը վերացվում է և մնում է միայն լայնացողը, իսկ ճարպոնը խթանում է նոր անոթների առաջացմանը:
 
Այս վիրահատությունը կատարվում է լապարասկոպիկ եղանակով, սակայն հիվանդին կատարվել է վիրահատության բաց եղանակը, քանի որ վիրահատությունից մի քանի շաբաթ առաջ հայտաբերվել էր ստամոքսի թափածակող խոց, որն էլ շտապ վիրահատվել էր լապարասկոպիկ եղանակով:
 
Հաշվի առնելով այս ամենը և հետվիրահատական կպումները որոշում կայացվեց վիրահատությունը իրականացնել բաց եղանակով:
 
Ճարպոնի մասնահատումը և անոթային վիրաբուժական թիմին տրամադրումը կատարվել է Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արթուր Մանուկյանի կողմից: Որից հետո սրունքի ճարպոնի փոխպատվաստումը իրականացրեց "Շենգավիթ" ԲԿ-ի "Անոթային և էնդովասկուլյար վիրաբուժական ծառայության" ղեկավար, բ․գ․թ․,Արա Թադևոսյանը: Ասիստենտներ՝ անոթային վիրաբույժ Արսեն Ղարիբյան, անոթային վիրաբույժ Արայիկ Ավետյան և կլինիկական օրդինատոր Լևոն Սարգսյան:
 
Հետվիրահատական ընթացքը ընթացել է հարթ: Հիվանդի վերքերը լավացել են առաջնային ձգումով, հիվանդը դուրս է գրվել վիրահատության 5րդ օրը ՝ բավարար վիճակում:
Այսօր հիվանդը իրեն հրաշալի է զգում, վերադարձլ է բնականոն կյանքի»,- նշված է հաղորդագրության մեջ: