Բացել լրահոսը Փակել լրահոսը
118698821_307807750289408_5096457617389816866_n
A A
Պաշտոնական

«Ջանք ու եռանդ չենք խնայելու ԵՊԲՀ-ում ուսուցումն անխոչընդոտ և բարձր մակարդակով իրականացնելու համար»

ԵՊԲՀ ռեկտորի շնորհավորական ուղերձը՝ գիտելիքի օրվա առթիվ

Սիրելի ուսանողներ, դպրոցականներ, մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի մեկի՝ գիտելիքի օրվա առթիվ: Անշուշտ, նոր ուսումնական տարվա մեկնարկը սպասված է և ավելի քան պարտավորեցնող յուրաքանչյուրիս համար: Ուսումնական տարին մեկնարկում է նոր մարտահրավերներով, որոնք, վստահ եմ, հաղթահարելու ենք միասին` համատեղ աշխատանքի շնորհիվ:

Օրը խորհրդանշական է, հետևաբար ևս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել գիտելիքի կարևորությունը, որը, իմ խորին համոզմամբ, ամենամեծ կապիտալն է բոլոր ժամանակներում:

Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված փոփոխություններ կատարվեցին նաև կրթական համակարգում: 2020-21 ուսումնական տարին մեկնարկում է այլ ձևաչափով, որն իր մեջ ներառում է հեռավար ուսուցումը: Բուհի պրոֆեսորադասախոսական կազմը պատրաստ է ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը: Չնայած ստեղծված իրավիճակին՝ մենք ջանք ու եռանդ չենք խնայելու ԵՊԲՀ-ում ուսուցումն անխոչընդոտ և բարձր մակարդակով իրականացնելու համար:

Ցանկացած ոլորտ, իսկ բժշկագիտությունն առավել ևս, հնարավոր չէ պատկերացնել առանց ոլորտի ներկայացուցիչների մասնագիտական խորը գիտելիքների, շարունակական զարգացման: Կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ է ամեն մի սովորողի, դասախոսի ամենօրյա աշխատանքը, նվիրումը և բարձր պատասխանատվությունը, որը կարող է նպաստել և արագացնել սահմանված ուղենիշերին հասնելու, արդիական չափանիշներին համահունչ կրթություն ստանալու գործընթացին:

Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել այն ապագա բժիշկներին, որոնք այս օրերին առաջին անգամ են մուտք գործում 100-ամյա պատմություն ունեցող բժշկական հաստատություն՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան: Հերացիական լինելը պատվաբեր կոչում է, որը պետք է կրեք բարձր պատասխանատվությամբ և սիրով: Կյանքում և բժշկագիտության մեջ եղեք նախաձեռնող և պատասխանատու: Մաղթում եմ նորանոր հաջողություններ և նպատակների իրականացում: 


Արմեն Մուրադյան 

ԵՊԲՀ ռեկտոր