Բացել լրահոսը Փակել լրահոսը
300x328
A A
Պաշտոնական

Բացօթյա բարեգործական համերգ՝ ի աջակցություն Բեյրութի

Առաջին անգամ, գրեթե հինգ ամիս դադարից հետո, Երևանում տեղի կունենա մեծամասշտաբ մշակութային իրադարձություն:

Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ սեպտեմբերի 4-ին, ՀՀ Ազգային ժողովի հյուրընկալ այգում կկայանա Վերդիի ‹‹Տրավիատա›› օպերայի համերգային կատարումը: Այս միջոցառմամբ ցանկանում ենք մեր մշակութային զորակցությունը հայտնել վերջերս տուժած Բեյրութին, որը հայտնի է նաև ‹‹Արևելքի Փարիզ›› անվամբ, ասված է հաղորդագրության մեջ:

 Տոմսերի ողջ հասույթը կտրամադրվի Բեյրութում աղետից տուժած մշակութային կենտրոնների վերկառուցմանը: Հավաքված գումարը կկրկնապատկվի ՀԲԸՄ-ի կողմից:

Վերդիի ամենահայտնի այս փարիզյան սիրո պատմության գլխավոր հերոսներն են՝ միջազգային ճանաչում ունեցող օպերային աստղեր Լիանա Ալեքսանյանը (Վիոլետա Վալերի), Լիպարիտ Ավետիսյանը (Ալֆրեդ Ժերմոն) և Իլյա Սիլչուկովը (Ժորժ Ժերմոն):

Այլ դերերում հանդես կգան Նարինե Անանիկյանը (Ֆլորա), Հովհաննես Անդրեասյան (Գաստոն), Աշոտ Ղանթարջյան (Բարոն Դյուֆոլ), Պողոս Բիազբեկյան (Մարկիզ դ’Օբինյի), Հովհաննես Ներսեսյան (Բժիշկ Գրենվիլ), Լուսինե Օրդուխանյան (Անինա):

Օպերայի «Փարիզյան հասարակությանը» կներկայացնի Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան):

Համերգը կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը:   

Տեղերը խիստ սահմանափակ են, միջոցառման ժամանակ կպահպանվեն հակահամաճարակային բոլոր պայմանները: Տոմսերը վաճառվում են միայն առցանց: