Այսուհետ Արցախ մուտք գործելիս անհրաժեշտ կլինի ներկայացնել ՊՇՌ թեստի պատասխանի թղթային տարբերակը
Աջակցիր «Ա1+»-ինՀետայսու Արցախի Հանրապետության հսկիչ անցագրային կետերում առողջապահության նախարարության աշխատակիցները թեստավորման պահանջի լիարժեք կատարման հետ կապված ուժեղացված ստուգումներ են իրականացնելու. այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախ/Տեղեկատվական շտաբը:
Առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանին համապատասխան ցուցումը տվել է ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը:
«Այսպես. Արցախի Հանրապետության տարածք մուտք գործող բոլոր այն անձանցից, ովքեր պետք է ներկայացնեն իրենց վերաբերյալ երեք օրից ոչ ավելի վաղեմության պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) թեստի պատասխանը, կպահանջվի թեստի պատասխանի թղթային տարբերակը: Սահմանային անցակետում հերթապահող առողջապահության նախարարության անձնակազմը պետք է լիարժեք հետազոտությամբ հավաստիանա դրանց իրական լինելու (այս կամ այն եղանակով կեղծված չլինելու) մեջ։ Թեստի պատասխանի իսկության մեջ կասկածներ առաջանալու դեպքում` գրությամբ կհայտնվի Արցախի Հանրապետության ոստիկանությանը՝ համապատասխան ստուգումներ իրականացնելու և հիմքերի առկայության դեպքում քրեաիրավական գնահատական տալու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։