Բացել լրահոսը Փակել լրահոսը
մանկապարտեզ
A A
Պաշտոնական

Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ապահովում

Հաշվի առնելով մեդիագրագիտության կարևոր դերն ու դրա վերաբերյալ կարողությունների զարգացման անհրաժեշտությունը հասարակության տարբեր տարիքային խմբերում՝ Հանրային լրագրության ակումբ հասարակական կազմակերպությունը ս․թ սեպտեմբերից  մեկնարկում է «Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ապահովում» ծրագիրը:

 

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում մեդիագրագիտության և տեղեկատվական գրագիտության կրթական կոմպոնենտի ինտեգրմանը նախադպրոցական կրթությանն առնչվող կրթական ծրագրերում և մեթոդական ձեռնարկներոմ իրականացնելով մի շարք գործողություններ, որոնք ուղղված են ոգեշնչելու, կրթելու, վերապատրաստելու և ոգևորելու հիմնական շահագրգիռ կողմերին:

 

«Հասարակությունը, անհատ քաղաքացին ավելի պաշտպանված է թվային աշխարհի մարտահրավերներից, վտանգներից այն դեպքում, երբ բարձր է մեդիագրագիտության մակարդակն, ու քննադատական մտածողությունն ակտիվ է», ասում է Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը։ 

 

«Մեդիագրագիտության ու քննադատական մտածողության հիմքերը պետք է դրվեն վաղ տարիքից և ժամանակակից ու մարտահրավերները գիտակցող պետություններում այդ հիմքերը կրթական համակարգում ու ազգային ռազմավարություններում են ամրագրված։ Մեր նպատակն է ուսումնասիրել նախադպրոցական կրթական ծրագրերն, գտնել հնարավորություններ և այդ ծրագրերում առաջարկել 4-6 տարեկան տարիքային խմբերին համարժեք մեդիագրագիտության բովանդակություն՝ նաև օգնելով ուսուցիչներին դրանք նորարար մեթոդներով մատուցելու գործում»:

 

Մի քանի բաղադրիչներով իրականացվող այս ծրագիրը հնարավորություն կտա կատարել փորձագիտական ուսումնասիրություն, ներկայացնել նախադպրոցական ծրագրերում մեդիագրագիտության ուսուցումը ինտեգրելու ուղղությամբ քաղաքականության մշակման առաջարկներ, վերապատրաստել նախադպրոցական ոլորտում գործող ուսուցիչներին, պատրաստել համապատասխան նյութեր նախադպրոցական տարիքի երեխաների ու նաև կրթությունն իրականացնողների համար։ 

 

«Մեդիագրագիտությունը կարևոր հմտություն է ներկայիս աշխարհում, որտեղ ապատեղեկատվությունն այնքան հեշտությամբ է տարածվում սոցիալական ցանցերի, ինչպես նաև լրատվամիջոցների միջոցով», - ասաց ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչ Քելլի Լոնգը: «ԱՄՆ կառավարությունը հավատարիմ է պայքարելու կեղծ տեղեկատվության և ապատեղեկատվության դեմ աշխարհի մակարդակով, և մենք հպարտ ենք աջակցել այս նորարարական ծրագրին այստեղ՝ Հայաստանում»:

 

Ծրագիրը հնարավորինս ներառական է լինելու, համադրվելու է ամերիկյան, ֆիննական ու հայաստանյան փորձագիտական ներուժը,  տարբեր փուլերում թիրախավորվելու ու ներգրավվելու են ոլորտի ներկայացուցիչներ, պատասխանատուներ, ծնողներ, շահառուներ և որոշում կայացնողներ։ 

 Հանրային լրագրության ակումբ