Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԵՊԲՀ
A A
Պաշտոնական

Բուժաշխատողի նկարը կզարդարի «Կանաչների» պատը

100-ամյա բուհում պատմություն ունի ամեն մի անկյուն։ ԵՊԲՀ-ի բակում «Կանաչներ» յուրահատուկ անվանումը ստացած այս նստարաններին անգամ ցուրտ եղանակին տասնյակ զրույցներ են ծավալվել և ծավալվում ուսանողական ծանրաբեռնված առօրյայի, դասերի, ապագա բժիշկներին հետաքրքրող այլ թեմաների մասին։ Շատ սովորողների և շրջանավարտների համար տարածքը հանդիպումների, ջերմ հիշողությունների հավաքատեղի է։ ԵՊԲՀ վարչական և կենտրոնական մասնաշենքերի ետնամասի բակով անցնելիս արդեն երկու օր է, անհնար է չնկատել «Կանաչների» պատը զարդարող նկարը, որը հեղինակել է Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Շանթ Կարապետյանը: Այդ մասին հայտնում են բժշկական համալսարանից:

Չորս օր՝ ընդհանուր առմամբ  18 ժամ տևողության քրտնաջան աշխատանքից հետո,  դատարկ պատին պատկերվել է բուժաշխատողի նկար՝ ծաղիկը ձեռքին, այդ կերպ համալսարանական սիրված տարածքը ողողելով արվեստի շնչով:

«Պետք էր ինչ-որ բան մտածել, որպեսզի սիմվոլիկ լինի, արվեստի շնչով ողողված,  բայց ամենագլխավոր պատճառը բժշկականի 100-ամյակն էր:  Մեկ տարի է մտածում էի՝ ինչ նվեր կարող եմ անել համալսարանին: Սկզբում մտածում էի կտավի տեսքով,  հետո կտավը մեծացավ դարձավ 5 մետր բարձրության պատ: Նկարի մեջ նկարներ կան,  բառեր ու մարդիկ կան:  Էսթետիկ կողմը պահել եմ: Հասարակ նկար  չէի նկարի այդ տեղում, այդ  մասշտաբի»,- մանրամասնում է ԵՊԲՀ սովորողը: 

Ապագա բժիշկ-նկարչի խոսքով՝ յուղաներկով արված նկարը հավերժ կմնա բժշկականի պատմության մեջ:  Ուսանողն արդեն հասցրել է վայելել նկարի շուրջ առաջացած ուշադրությունն ու հասարակության դրական արձագանքը: 

Հիշեցնենք, որ ապագա բժիշկը վաղուց է ստեղծագործում: Երկու տարի  առաջ համացանցում տարածվեց և հանրությանն անտարբեր չթողեց նրա հերթական աշխատանքը, որտեղ հեղինակին փոքրիկ դեղահաբի վրա վարպետորեն հաջողվել էր պատկերել բժշկական համալսարանի կենտրոնական մասնաշենքը։ Ոչ միայն կենտրոնական մասնաշենքը, այլև բժշկականի մյուս շենքերն ու խորհրդանիշներն անմասն չեն Շանթի աշխատանքներից։ Բժշկական համալսարանի թեմատիկան Շանթի աշխատանքներում դեղահաբով չի ավարտվում։ Նա կոճակի վրա նկարել է բժշկականի տարբերանշանը, բանանի կեղևի ու միջուկի միջոցով կրկին ստացել կենտրոնական մասնաշենքը: Ապագա բժիշկը նկարել է նաև անատոմիական մասնաշենքը՝ շարունակելով իրական նկարի կեսը: 

Շանթը ցանկանում է մասնագիտանալ պլաստիկ վիրաբուժության ոլորտում, քանի որ նրա կարծիքով այն սերտորեն առնչվում է նաև արվեստի հետ։