Բացել լրահոսը Փակել լրահոսը
ARM_Photo
A A
Պաշտոնական

Հայտնի են Գյումրիի Բարեկամության այգու ռեկրեացիոն ենթակառուցվածքի մշակման մրցույթի եզրափակչի 20 մասնակիցները

 «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը ս.թ. հուլիսին նախաձեռնեց Գյումրիի Բարեկամության այգու ռեկրեացիոն ենթակառուցվածքի տարրերի ճարտարապետական լուծումների մշակման միջազգային բաց մրցույթ: Մրցույթն անցկացվում է այգու համալիր զարգացման ծրագրի շրջանակում՝ բացահայտելով քաղաքի ինքնատիպությունն ու միջազգային փոխօգնության գաղափարը: Առաջին փուլի արդյունքներով՝ ժյուրիի անդամներն ընտրել են եզրափակչի 20 մասնակցի, ովքեր այս բարի նախաձեռնության մաս կկազմեն: 

 

Հայտերն ընդունվել են 2020 թ. հուլիսի 1-29-ը: Ընդհանուր առմամբ արձանագրվել է 233 գրանցում, ուղարկվել է 84 հայտ 16 երկրից և 37 քաղաքից՝ ներառյալ Երևանը, Լոս-Անջելեսը, Մոնտեվիդեոն, Դյուսելդորֆը, Մյունխենը, Թեհրանը, Ստոկհոլմը, Վիլնյուսը, Միլանը և Վենեցիան: Ակտիվ մասնակցություն են ունեցել լոկալ ճարտարապետները, որոնց թվում եղել է 2 կոնսորցիում: Եզրափակչի մասնակիցների ընտրությունը կատարվել է մասնագիտական ժյուրիի առցանց քվեարկության միջոցով: Մասնակիցների գնահատման չափորոշիչներն են եղել նախագծման մոտեցումների և սկզբունքների արդիականությունը,  Հայաստանի մշակութային համատեքստում ժամանակակից լուծումների ադապտիվության գաղափարները, նմանատիպ մասշտաբի նախագծերի մշակման և իրագործման փորձը:  Եզրափակչի մասնակիցների ամբողջական ցանկը հասանելի է ստորև:   

 

Մասնագիտական ժյուրիի կազմում  էին «Ատլաս» խորհրդատվական բյուրոյի գլխավոր տնօրեն Ալեքսանդրա Սիտնիկովան, ճարտարապետ և հետազոտող Անդրեյ Իվանովը, ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, Karres en Brands ճարտարապետական բյուրոյի գործընկեր Դարիուս Ռեզնեկը, Openfabric լանդշաֆտային բյուրոյի համահիմնադիր Ֆրանչեսկո Գարոֆալոն, OFFCON բյուրոյի գլխավոր ճարտարապետ և գործընկեր Ֆյոդոր Ռաշևսկին, Glaßer und Dagenbach GBR բյուրոյի համահիմնադիր և լանդշաֆտային ճարտարապետ Ուդո Դագենբախը, ՀՀ Շիրակի մարզպետի օգնական Էմմա Բաղդասարյանը, Թաթարստանի Հանրապետության նախագահի օգնական Նատալիա Ֆիշման Բեկմամբետովան և  «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի Գործառնությունների տնօրեն Ելենա Աբովյանը: 

 

Եզրափակչի մասնակիցները կստանան տեխնիկական առաջադրանք, որը կներառի անհրաժեշտ տեղեկատվություն ապագա օբյեկտների նախագծման համատեքստի և դրանց տեխնիկական պահանջների մասին: Երկրորդ փուլի արդյունքներով՝ ժյուրին կընտրի հաղթողներին 3 անվանակարգում. ճարտարապետական փոքր ձևեր (այգու նստարանների դիզայն), ստանդարտ ճարտարապետական տարրեր (ցուցահանդես-տոնավաճառի տաղավարի դիզայն), յուրօրինակ ճարտարապետական տարր (այգեգործության դպրոցի տաղավարի դիզայն):

 

2020 թ.-ի հոկտեմբերին կհայտարարվեն հաղթողներն ու այգու վերջնական դիզայն-նախագիծը: Ճարտարապետները կիրագործեն իրենց նախագծերը Գյումրիի նոր հանրային տարածքում՝ համալրելով նոր այգու դիզայն-նախագիծը ռեկրեացիոն ենթակառուցվածքի յուրօրինակ օբյեկտներով: Նորացված այգին կդառնա հանրապետության առաջին ժամանակակից և կանաչապատ տարածքը՝ մնալով նշանակալի վայր տեղի բնակիչների համար և գրավչության կետ արտասահմանցի զբոսաշրջիկների համար ավելի հայտնի դարձող Գյումրիում: 

 

Գյումրիի Բարեկամության այգու ռեկրեացիոն ենթակառուցվածքի տարրերի ճարտարապետական լուծումների մշակման միջազգային բաց մրցույթի եզրափակչի 20 մասնակիցների անունները.

 

  1. Մալիկովի ճարտարապետական բյուրո (Տվեր-Սանկտ-Պետերբուրգ-Իժևսկ-Կազան-Սիմֆերոպոլ, Ռուսաստան)
  2. UTRO բյուրո (Մոսկվա, Ռուսաստան)
  3. Կոնսորցիում. «Պրավդա» բյուրո, Արթուր Ավագյան և Դիանա Սարդարյան (Մոսկվա, Ռուսաստան-Երևան, Հայաստան)
  4. Կոնսորցիում. Design Unit 4 + Zeitplan (Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան)
  5. Slava + PROCESS (Մոսկվա, Ռուսաստան)
  6. Ալան Դզիբիլով (Մյունխեն, Գերմանիա)
  7. Architect MG (Կազան, Ռուսաստան)
  8. GIAA ճարտարապետական ասոցիացիա (Երևան, Հայաստան)
  9. IND architects (Մոսկվա, Ռուսաստան)
  10. Map Studio, Magnani Pelzel Architetti Associati (Վենեցիա, Իտալիա)
  11. Nefa Architects (Մոսկվա, Ռուսաստան)
  12. NOYD collab (Մոսկվա, Ռուսաստան)
  13. SAGA (Մոսկվա, Ռուսաստան)
  14. SKNYPL (Մոսկվա, Ռուսաստան)
  15. SNKH STUDIO (Երևան, Հայաստան)
  16. STO—DA (Բոստոն, ԱՄՆ-Շտուտգարտ, Գերմանիա)
  17. STORAKET (Երևան, Հայաստան)
  18. SULIMAN, RAKOVSKAYA & SOFOYAN (Մոսկվա, Ռուսաստան-Երևան, Հայաստան)
  19. SWAP OFFICE (Թեհրան, Իրան)
  20. UP'GYUMRI (Լիոն, Ֆրանսիա) 

 «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամ