Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դատարան
A A
Քաղաքականություն

Դատավորի պաշտոնը գրավիչ չէ. ծանրաբեռնվածությունն ու սոցիալական երաշխիքները համարժեք չեն

«Որքան բարձր սոցիալական երաշխիքներ ունենա դատավորը, այնքան շահելու է անձը, ում այդ դատավորը դատում է: Իրական արդարադատության գրավականը կլինի այն, որ դատավորը չմտածի այլ բանի մասին՝ բացի արդարադատություն իրականացնելուց»,-  նշում է փաստաբան Թամարա Բաղդասարյանը: 

Դատավորի անկախության և աշխատանքի արդյունավետության գրավականներից է նրա սոցիալական երաշխիքների ապահովումը՝ աշխատանքին համարժեք վարձատրություն, ապահովագրություն, կենսաթոշակ և այլն:


«Որպեսզի ապահովվի դատավորի իրական տնտեսական անկախությունը և դրա ներքո նրա բարձր կոչումը, անկախությունն ու անկողմնակալությունը, դատավորը պետք է ստանա բավականաչափ վարձատրություն»,- նշվում է Դատավորների միջազգային միության կողմից ընդունված «Դատավորի համընդհանուր խարտիայի»  8.1 հոդվածում::

Խարտիայի 8.2 հոդվածը անդրադառնում է նաև սոցիալական պաշտպանությանը և գործող դատավորների համար նախատեսում է երաշխիքներ ընդդեմ այն սոցիալական ռիսկերի, որոնք կապված են հիվանդության, մայրանալու, հաշմանդամության, ծերության և մահվան հետ: 

 

Դատավորներն աշխատում են գերծանրաբեռնված

Ներկայումս սակայն դատավորների ծանրաբեռնվածությունն ու սոցիալական երաշխիքները համարժեք չեն. պնդում են ոլորտի մասնագետները: Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը մեզ հետ զրույցում ասում է, որ  ներկայումս դատավորները ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես ու բարոյապես են ծանրաբեռնված, քանի որ բարձր է հանրային ճնշումը դատավորների վրա: 

Միևնույն ժամանակ դատավորն իրեն առաջադրված աշխատանքն ամբողջությամբ կատարելու համար ստիպված է աշխատել ավելին, քան նախատեսված է օրենքով.

«8 ժամյա աշխատանքային օրը բավարար չէ՝ իր վրա դրված աշխատանքի ամբողջ ծավալը կատարելու համար»,-  Գրիգոր Բեքմեզյանը հավելում է, որ  լինում են դեպքեր, երբ դատավորները արձակուրդ չեն գնում, կամ արձակուրդի ընթացքում ևս շարունակում են աշխատել (թեև ակտեր չեն ընդունվում նրանց կողմից, սակայն գործերի նյութերի ուսումնասիրություններ, ակտերի նախագծերի վրա աշխատանքներ կարող են արվել): 

Բարձրագույն դատական խորհրդի 2019 թ-ի տարեկան հաղորդման համաձայն՝ վերջին տարիներին մեկ դատավորի միջին ծանրաբեռնվածությունը գրեթե կրկնապատկվել է:

Օրինակ, եթե քաղաքացիական գործերով Երևանում աշխատող դատավորը 2013 թվականին իր վարույթում ունեցել է 632 գործ, ապա 2018-ին այդ թիվը կազմել է 1447: Քրեական գործերի դեպքում մեկ դատավորի վարույթում 2013-ին միջինում եղել է 66 գործ, իսկ 2018-ին՝ 84 գործ: 

Թամարա Բաղդասարյանը պարզ հաշվարկ է ներկայացնում. եթե քրեական գործեր քննող դատավորն իր վարույթում ունենա 70 գործ և յուրաքանչյուրով շաբաթական մեկ անգամ երկու ժամ տևողությամբ նիստ նշանակի, ապա իր ամբողջ աշխատանքային ժամերը կանցկացնի նիստերի դահլիճում  ու ժամանակ, հնարավորություն չի ունենա գործի նյութերին ծանոթանալու և այլ անհրաժեշտ աշխատանքներ կատարելու.

«Երբեմն տեսնում ես, որ դատական նիստի ժամանակ է դատավորը ծանոթանում գործի նյութերին կամ որևէ բան նոր է իմանում: Իհարկե, որոշ դեպքերում սա կողմերին էլ է վերաբերում, սակայն արդարադատություն իրականացնող դատավորը չպետք է այս տեսակ ծանրաբեռնվածությամբ աշխատի,- նշում է Թամարա Բաղդասարյանը և հավելում,- մենք՝ փաստաբաններս, երբեմն բողոքում ենք, թե դատավորները դարձել են տեխնիկակական աշխատանք կատարող, սակայն դա նրանց մեղքը չէ»: 


Խախտվում է մարդու իրավունքը 

Դատավորների և նրանց աշխատակազմերի գերծանրաբեռնվածությունը որոշ դեպքերում հանգեցնում է իրավունքի խախտման, օրինակ, արդար դատաքննության իրավունքի խախտման՝ գործը ողջամիտ ժամկետում քննելու հետևանքով: Այս տարվա հունվարին Մարդու իրավունքների պաշտպանը արտահերթ զեկույց է հրապարակել հենց այս խնդրի վերաբերյալ և մտահոգություն հայտնել, որ մարդիկ ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջի խախտման դեպքում չեն կարողանում վերականգնել իրենց իրավունքները:

Բարձրագույն դատական խորհրդի հիշյալ տարեկան հաղորդման համաձայն՝ 2018 թվականի տվյալներով միայն Երևանում ներկայումս առկա է 155 քրեական և 1628 քաղաքացիական գործ, որոնց քննությունը 2 և ավելի տարիներ ձգձգվում է (կան գործեր, որոնց քննությունը չի ավարտվում 10 և ավելի տարիներ): 

Փաստաբան Թամարա Բաղդասարյանն օրինակ է բերում այն, որ որոշ քրեական գործեր դատական քննության  ձգձգումներից հետո ավարտվում են կարճման որոշմամբ՝  վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Եվ ամբաստանյալն ազատ է արձակվում՝ առանց որևէ պատիժ կրելու, ինչը թեև իրավունքի խախտում չի առաջացնում, սակայն սոցիալական արդարության վերականգնման խնդիր է:  

 

Դատավորի աշխատավարձը և այլ սոցիալական երաշխիքները

Դատավորի սոցիալական երաշխիքները ամրագրված են  «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 57-րդ հոդվածով, որի առաջին մասում նշվում է.  «Դատավորի համար սահմանվում է նրա բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն»: Նշվում է նաև, որ դատավորի աշխատավարձը և հավելավճարները, կենսաթոշակի չափը չեն կարող պակասեցվել, բացառությամբ այն դեպքերի, երբ համարժեք պակասեցում կատարվում է բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար:

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի դատավորների աշխատավարձը (ներառյալ հարկերը) կազմում է 661 140 դրամ, վերաքննիչ դատարանի դատավորինը՝ 727 540 դրամ, իսկ վճռաբեկ ատյանի դատավորինը՝  760 610: Եթե հաշվի ենք առնում այն, որ նրանք կարող են մինչև աշխատավարձի 30 տոկոսի չափով հավելավճարներ ստանալ, ապա եկամուտի վարձատրության առավելագույն չափը տատանվում է շուրջ 1 միլիոն դրամի սահմաններում: 

Սահմանվում է, որ  դատավորն ունի իր 65 տարին լրանալու, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում և կարգով կենսաթոշակ ստանալու իրավունք: Դատավորի կենսաթոշակ ստանալու իրավունքը չի կարող դադարեցվել այլ աշխատանք կատարելու դեպքում, բացառությամբ հանրային ծառայության անցնելու դեպքերի: Իսկ ներկայումս դատավորները խնդիր ունեն կենսաթոշակ ստանալու իրենց իրավունքը իրացնելու, քանի որ շուրջ 1 տարի է՝ դատավորին կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ գործող իրավական նորմ չկա

Սոցիալական երաշխիքներից է այն, որ իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորը կարող է ստանալ բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում, որը Երևանի դեպքում  սահմանված է ամսական մինչև 100000 դրամի չափով, իսկ այլ վայրերի դեպքում՝ 70000 դրամի չափով (Կառավարության 2018-ի հունիսի 28-ի 717-Ն որոշում): 

Ապահովագրության վերաբերյալ  «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ մասում գրված է. «Դատավորն ունի Կառավարության սահմանած պայմաններով և չափով առողջության և դժբախտ պատահարներից պետական միջոցների հաշվին ապահովագրության իրավունք»: 

Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը մեզ հետ զրույցում նշում է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում կառավարության համապատասխան որոշման նախագիծը մշակելու ուղղությամբ, որով կսահմանվի դատավորների ապահովագրության կարգը: 

Նշենք նաև, որ դատավորներն ունեն 10 աշխատանքային օր ավել վճարվող արձակուրդ գնալու հնարավորություն: 

 

Դատական համակարգը գրավիչ չէ որակյալ մասնագետների համար

Բարձր պատասխանատվություն, գերծանրաբեռնված աշխատանք և ոչ համարժեք սոցիալական երաշխիքներ. այս պայմաններում դատավորի պաշտոնը որակյալ իրավաբանների համար գրավիչ չէ: 

Գրիգոր Բեքմեզյանը, ով մինչ Բարձագույն դատական խորհրդի անդամի պաշտոնը ստանձնելը աշխատել է որպես փաստաբան, պատմում է, որ երբ ժամանակին հարց են տվել, թե որքան աշխատավարձի դեպքում կհամաձայնի դատավոր աշխատել, պատասխանել է՝ 3 միլիոն դրամ: Նա շարունակում է մնալ այս համոզմանը և միևնույն ժամանակ ընդունում է, որ պետության ֆինանսական հնարավորությունների դեպքում աշխատավարձի նման չափը դեռևս իրատեսական չէ: 

Միջինում 600 000 - 1 000 000 դրամ աշխատավարձը, որը ներկայումս ստանում են դատավորները, հնարավոր է վաստակել մասնավոր կազմակերպություններում  իրավաբան կամ փաստաբան աշխատելով: Եվ այս դեպքում ոչ միայն ծանրաբեռնվածությունը, այլև պատասխանատվության բեռը անհամեմատ քիչ է. «Եթե դատավորի դեպքում վարձատրությունը չի համապատասխանում ծանրաբեռնվածությանը, ապա կամ պետք է դուրս գա ու գնա այլ բանով զբաղվի կամ սկսի կաշառք վերցնել, ինչը դատապարտելի է, սակայն բացառել չենք կարող դա»,- ասում է Գրիգոր  Բեքմեզյանը:

Նրա խոսքով, եթե դատական համակարգի առողջացման փուլում պետությունը ցանկանում է ներգրավել որակյալ մասնագետներ՝ պրոֆեսիոնալ, բարոյապես կայուն ու անկաշառ, ապա պետք է նրանց լավ առաջարկ անել: 

Պետությունը նախատեսում է լուծել խնդիրը

Դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ անդրադարձ է կատարվում վերոնշյալ խնդիրներին.

«....Ներկայումս դատավորներին և նրանց աշխատակազմին առաջարկվող վարձատրությունը համարժեք չէ նրանց ծանրաբեռնվածությանը, ինչի հետևանքով ոչ միայն վտանգվում է դատարանների անաչառությունը և ստեղծվում են կոռուպցիոն ռիսկեր, այլև առաջատար իրավաբանների համար դատական համակարգը մնում է ոչ գրավիչ:

.....Դատավորներին և նրանց աշխատակազմին մրցունակ աշխատավարձ տրամադրելը, անկասկած, դատական համակարգ բարձր կարգի մասնագետների մուտքը խրախուսելու և նրանց անկախությունն ապահովելու տեսանկյունից անկյունաքարային նշանակություն ունի: Ուստի սույն ռազմավարությամբ ամրագրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է դատավորներին և նրանց աշխատակազմին ապահովել համարժեք վարձատրությամբ: 

....Դատարանների գերբեռնվածությունը խոչընդոտում է դատական գործերի արագ և արդյունավետ քննությանը՝ հանգեցնելով անձի արդար դատաքննության իրավունքի հնարավոր խախտումների: Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ավելացնել դատավորների և դատավորի օգնականների թիվը, ներդնել վեճի լուծման այլընտրանքային արդյունավետ միջոցներ՝ այդ թվում էլեկտրոնային գործիքներ, ինչպես նաև ներդնել և ակտիվորեն օգտագործել էլեկտրոնային կառավարման համակարգերը»: 


  Տիգրան Դադունցը նշում է, որ ռազմավարությամբ նախատեսվածը միանգամից հնարավոր չէ իրականացնել, քանի որ դրա համար բավականին լուրջ ռեսուրսներ են անհրաժեշտ. «Այս պահին քննարկվում են բոլոր ատյանների դատավորների վարձատրության բարձրացման հնարավորությունը, նաև որոշ ատյաններում դատավորների թվի ավելացումը, իսկ հետագայում աշխատակազմի  թվաքանակի ավելացումը»: 

Բացի այս՝ քայլեր են կատարվել և կատարվում դատարանների ծանրաբեռնվածությունը թոթափելու համար: Օրինակ, պարզեցված վարույթի ներդնում, մի շարք հայցերի դեպքում պետական տուրքի սահմանում, արբիտրաժային կենտրոնի ստեղծում, և այլն: 

Տիգրան Դադունցի խոսքով, ռազմավարության վերջնանպատակը արդարադատության արդյունավետության բարձրացումն է. եթե դատավորներն ունենան բարձր սոցիալական երաշխիքներ և համարժեք  ծանրաբեռնվածությամբ աշխատեն, ապա արդարադատության իրականացման դեպքում էլ պաշտպանված կլինեն մարդու իրավունքները, կվերականգնվի դատարանի հանդեպ հանրային վստահությունը: 

 

Աստղիկ Կարապետյան