Բացել լրահոսը Փակել լրահոսը
99F05761-4F1E-45BB-B084-0DC8DCF5E03B_w1023_r1_s
A A
Հասարակություն

Կովիդ հիվանդության դեմ` բուժված անձանց արյան պլազման

Ամերիկայի ձայն

ԱՄՆ-ի Սննդամթերքի ու դեղամիջոցների վարչությունը կիրակի օրը հայտարարեց, որ թույլ է տալիս կովիդ 19-ով հիվանդ մարդկանց ներարկել այդ հիվանդությամբ վարակված, ապա` ապաքինված անձանց արյան պլազմա: Դրանից մեկ օր առաջ էր նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել այս վարչությանը: Նա ասել էր, թե քաղաքական դրդապատճառներով այս վարչությունը կասեցնում է կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման եւ թերապեւտիկ բուժումներ մշակելու գործընթացը:

Խոսելով արյան պլազմայի կիրառման մասին` Թրամփն ասել է, թե այն գրանցել է ‘’անհավատալի’’ լավ արդյունք:

Այնպես որ, մինչեւ Թրամփի Հանրապետական կուսակցության համագումարը, Դեղորայքի վարչությունը հաստատում է նրա պնդումները եւ արտոնում առավել ծանր հիվանդներին ներարկել բուժված անձանց արյան պլազմա:

Բժշկական այս միջամտությունը հետեւյալն է. Օգտագործվում է կովիդ հիվանդությամբ վարակված եւ ապաքինված անձանց արյան մեջ արդեն իսկ հակամարմիններով հարուստ պլազման: Այս միջոցն ԱՄՆ-ում փորձարկվել է 70 հազար կամավորների եւ առավել ծանր հիվնադների նկատմամբ: Ինչպես ԱՄՆ-ի Սննդամթերքի ու դեղամիջոցների վարչությունն է հայտնում, նախնական տվյալներով այն անվտանգ է, չնայած, ասում են վարչության պատախանատու անձինք, դեռեւս հարկավոր են դրա արդյունավետության մասին ավելի խորը փաստեր:

‘’Ես երկար ժամանակ եմ սպասել այս պահին’’, ասել է Թրամփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ եւ ավելացրել, ‘’Ուրախ եմ, որ այսօր հանդես եմ գալիս իրապես պատմական մի հայտարարությամբ Չինաստանի վիրուսի դեմ պայքարում’’: Թրամփը հավատացած է, որ այս միջոցը անհամար մեծ թվով մարդկանց կյանք կփրկի: Նախագահը նաեւ կոչ է անում կովիդ 19 հիվանդությունից ապաքինված անձանց նվիրաբերել իրենց արյունն` այլոց փրկելու համար:

Կորոնավիրուսի պատճառով միայն ԱՄՆ-ում ավելի քան 180 հազար մարդ է մահացել, երկիր, որտեղ գրանցվել են աշխարհի մակարդակով մահացությունների ու վարակակիրների ամենամեծ թվերը:

Ինչպես Սննդամթերքի ու դեղամիջոցների վարչությունն է հայտարարում, արյան պլազմայի միջոցով բուժման արտոնագրի մասին կայացրել է ‘’արտակարգ’’ որոշում: Այսինքն, խոսքը ոչ թե լիակատար արտոնագրի մասին է, այլ ‘’արտակարգ իրավիճակից ելնելով կայացրած որոշման: Վարչությունը սակայն չի հերքում այն տեղեկությունները, որոնց համաձայն արյան պլազմայի փոխներարկման արդյունքում կրճատվել է մահացությունների թիվը եւ բարելավվել հիվանդների առողջական վիճակը:

Շնչառական սարքավորումներին չմիացված մինչեւ 80 տարեկան այն հիվանդների 35 տոկոսը, որոնք ստացել են արյան պլազմա, գրանցել են հիվանդությունը հաղթահարելու բարձր ցուցանիշ:

Ասենք, որ աշխարհի մի շարք երկրներ են սկսել կիրառել արյան պլազմայի փոխներարկման եղանակով բուժման ձեւը, որը ժամանակին կիրառվել է նաեւ մի շարք այլ հիվանդությունների, այդ թվում` էբոլայի դեմ պայքարում:

Այս միջոցը հիվանդները սովորաբար հեշտ են ընդունում, չնայած երբեմն առաջ են գալիս անցանկալի կողմնային երեւույթներ, ինչպես օրինակ ալերգիկ հակազդեցություն:

Ուրեմն ինչու՞ չիրականացնել համատարած փոխներարկումներ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկուշաբթի օրը հիշեցրել է, որ հակամարմիններով հարստացված արյան պլազմայի միջոցով բուժումը դեռեւս փորձնական փուլում է: