Բացել լրահոսը Փակել լրահոսը
19577514_2031444156870860_6749986445792203560_o
A A
Պաշտոնական

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը բաց նամակ է հղել Կառավարությանը

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունն իր մտահոգությունն է
հայտնում երկրի տնտեսության հիմնասյուներից մեկի՝ հանքարդյունաբերության
ոլորտի հանդեպ պարբերաբար կրկնվող անպատասխանատու և հակաօրինական
գործողությունների պատճառած բացասական լրջագույն հետևանքների
կապակցությամբ։

Ամենատարբեր խմբերի կողմից հետևողականորեն փորձ է  արվում այլևայլ
պատճառաբանություններով տապալել կամ խափանել այս կամ այն
հանքարդյունաբերական ընկերության բնականոն գործունեությունը: Ստեղծվել է մի
իրավիճակ, երբ մի խումբ մարդիկ բնապահպանության քողի ներքո անհիմն
մեղադրանքներով  կարող են ձախողել հսկայական ներդրումներ և հարյուրավոր
աշխատատեղեր ապահովող ընկերությունների բնականոն գործունեությունը։  Վերջին
դեպքը Գեղամասար խոշորացված համայնքի մի խումբ բնակիչների
Վարդենիս-Քարվաճառ միջպետական ճանապարհը փակելու ակցիան էր։ Արդեն 2 տարի
շրջափակված են Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները, նույն պատկերն է
Ախթալայի ԼՀԿ-ում և այլուր: Պարբերական են ոլորտի վերաբերյալ տարածվող
կեղծիքներն ու զրպարտանքները։

Ժամանակն է քայլեր ձեռնարկել և թույլ չտալ, որ ապօրինությունների այս
վարակը՝ տարածվելով վերածվի  հանքարդյունաբերության ոլորտի գործունեության
ձախողման անկառավարելի ու վտանգավոր միջոցի, որի հետևանքները կարող են
անդառնալի լինել երկրի տնտեսության համար: Միայն այն փաստը, որ վերջին կես
տարվա ցուցանիշներով ոլորտի արդյունահանման ծավալները աճել են մոտ 30%-ով,
իսկ արտահանումը կազմում է երկրի ընդհանուր արտահանման ծավալների 34%-ը, իր
վրա է կրում երկրի խոշոր հարկատուների վճարած հարկային բեռի գրեթե 10%-ը,
ուղղակի աշխատատեղով է ապահովում ավելի քան 10 հազար մարդու (հարակից
ոլորտների ներգրավվածությամբ՝ գրեթե 60 հազար) պետք է սթափեցնի իր երկրի
համար մտահոգ ցանկացած մարդու, որովհետև սա նշանակում է, որ հատկապես
ճգնաժամային իրավիճակներում տնտեսության միակ ամուր հենարանը մնում է
հանքարդյունաբերությունը:

Հանքարդյունաբերողներն այսօր պետական համապատասխան մարմինների հետ միասին
ջանքեր են գործադրում ոլորտի գործունեությունն առավել թափանցիկ,
բնապահպանական տեսանկյունից կանխատեսելի ու կառավարելի դարձնելու
ուղղությամբ: Վերջերս Հայաստանը` այդ թվում և հանքարդյունաբերողների
ջանքերով, միացավ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը:
Այս հարթակը հնարավորություն է տալիս կառավարությանը, քաղաքացիական
հասարակությանը, ինչպես նաև հանքարդյունաբերողներին՝ բոլոր խնդիրները,
մտահոգող հարցերը լուծել կառուցողական մթնոլորտում և խստագույնս օրենքի
շրջանակներում։ Չի կարելի թույլ տալ, որ առանձին խմբեր՝ առաջնորդվելով
իրենց ունեցած գիտելիքներով, կասկածներով կամ ուղղակիորեն ուղղորդվելով
այլևայլ շահերով, ապօրինաբար ազդեն պետական բյուջեի եկամուտների և
հազարավոր մարդկանց գոյատևման համար կենսական նշանակություն ունեցող
ընկերությունների բնականոն գործունեության վրա։

Կոչ ենք անում և պահանջում ենք  վերջ տալ ոլորտի հանդեպ անպատասխանատու
մոտեցումների նկատմամբ անվճռական արձագանքին, կանխել «բնապահպանական
մտահոգությունների» անվան տակ հակաօրինականության տարբեր դրսևորումները և
բնապահպանական իրական կամ ենթադրյալ խնդիրներին լուծում տալ պատկան
մարմինների միջոցով՝ օրենքի շրջանակներում։

Հանքարդյունաբերությունը հանցագործություն չէ, այն հարստություն է, որը
պետք է կառավարել խելամտորեն, հաշվարկված և գրագետ՝ կորզելով հնարավոր
օգուտները և չեզոքացնելով հնարավոր  վտանգները, այնպես, ինչպես դա արվում է
բազմաթիվ բարեկեցիկ, զարգացած և բնապահպանական առումով ընդօրինակելի
երկրներում։

Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը. անսալ մասնագիտական հանրույթի խոսքին և
տուրք չտալ երկրի տնտեսությունը սնող աղբյուրը պղտորողների անհիմն
պահանջներին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱԳՈՐԾՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ