Բացել լրահոսը Փակել լրահոսը
PBLe0z1ZdeYXk4ZMsPMw
A A
Պաշտոնական

ՔՏՀԱ կատարած աշխատանքի ամփոփ արդյունքները 2020 թվականի առաջին կիսամյակում

Տեսչական մարմնի 2020 թվականի գործունեության տարեկան ծրագրով 1-ին կիսամյակի ընթացքում նախատեսված 133 ստուգումից՝ ՀՀ-ում ստեղծված իրավիճակով պայմանավորված ավարտվել են 55-ը: Արդյունքում արձանագրվել է 352 խախտում։ Ստուգումները կատարվել է հետևյալ ոլորտներում՝

  • 110 ԿՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքի` ենթակայանի (ԵԿ) և բաշխիչ սարքվածքի (ԲՍ) տեխնիկական ստուգման ոլորտ-8 օբյեկտ, 77 խախտում։
  • 110 ԿՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքի էլեկտրահաղորդման օդային գծի տեխնիկական ստուգման ոլորտ-3 օբյեկտ, 32 խախտում։
  • Գազի համակարգի` գազափոխադրման բարձր ճնշման ոլորտ-2 օբյեկտ, 5 խախտում։
  • Գազի համակարգի` գազաբաշխման և գազասպառման միջին և բարձր ճնշման էներգատեղակայանքի տեխնիկական ստուգման ոլորտ- 9 օբյեկտ, 43 խախտում։
  • Տնտեսավարող սուբյեկտի (կամ դրա մասնաճյուղերի) տեխնիկական ստուգման ոլորտ- 49 օբյեկտ, 195 խախտում։

Տվյալ ոլորտներում արձանագրված խախտումները կազմում են խախտումների ընդհանուր քանակի 5.1%-ը: Ստուգումների արդյունքում 52 տնտեսավարող սուբյեկտներին տրվել են կարգադրագրեր։

ՀՀ տարածքում տեղակայված 6 կՎ և բարձր լարման էլեկտրաէներգետիկական և միջին  ու բարձր ճնշման գազամատակարարման համակարգերում՝ տնտեսվարող սուբյեկտների դիմումների հիման վրա, նոր կառուցված և վերակառուցված էներգատեղակայանքներում իրականացվել է 504 տեխնիկական ստուգում, որից 284-ը՝ (56,3%) էլեկտրաէներգետիկական և 220-ը՝ (43,7%) գազամատակարարման համակարգերում:

Արդյունքում տրվել է 426 (84,5 %) գործարկման եզրակացություն, իսկ թվով 78 (15,5 %) տեղակայանքների գործարկումներ՝ նախագծի և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին անհամապատասխանության, թերի շինարարական աշխատանքների և ներկայացված տեխնիկական փաստաթղթերի ոչ ամբողջականության համար ակտ-կարգադրագրերով մերժվել են։

Գազամատակարարման համակարգում ստուգումների արդյունքում տրամադրվել է 197 գործարկման եզրակացություն, ինչը կազմում է դիմումների ընդհանուր քանակի 89,5%-ը:

Էլեկտրատեղակայանքների ստուգումների արդյունքում տրամադրվել է 229 գործարկման եզրակացություն, ինչը կազմում է դիմումների ընդհանուր քանակի 8,6%-ը: Տրամադրված գործարկման եզրակացությունների և  մերժումների քանակի փոխհարաբերությունն ըստ մարզերի ունի հետևյալ պատկերը՝

Իրականացվել է մասնագիտական քննություն մահվան ելքով 12 պատահարների, որոնցից 3-ը տեղի էին ունեցել 2019 թվականի վերջին: 2020 թվականի առաջին կիսամյակում Էներգատեղակայանքներում տեղի են ունեցել մահվան ելքով 8 պատահարներ, որոնցից 5-ը՝ էլեկտրաէներգետիկական համակարգում (2-ը՝ ՀՀ Կոտայքի, 1-ը՝ Շիրակի, 1-ը՝ Գեղարքունիքի և 1-ը՝ ՀՀ Արմավիրի մարզերում), 3-ը՝ գազի համակարգում (1-ը՝ ՀՀ Լոռու և 2-ը՝ ՀՀ Տավուշի մարզերում), որոնց վերաբերյալ ՀՀ կառավարության սահմանած կարգով կազմակերպվում և իրականացվում են մասնագիտական քննություններ։

2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Տեսչական մարմնին հանրության կողմից հասցեագրվել է ընդհանուր առմամբ 172 բողոք, որից 10-ը (5,8%)՝ էներգետիկայի և էներգասպառման բնագավառում։ Դրանցից 9 լուծում են ստացել (90%), 1-ն ընթացքի մեջ է: Լուծում ստացված 9-ը բողոքներից 4-ը (44,4%) վերաբերում է մայրուղային գազատարների և էլեկտրահաղորդման օդային գծերի անվտանգության գոտիներում իրականացվող շինարարական աշխատանքներին, 2-ը (22,2%)՝ առանց սեփականատիրոջ հետ սահմանված կարգով համաձայնեցնելու՝ սեփականաշնորհված հողամասերի տարածքով գազատարների անցկացմանը, 3-ը՝ այլ հարցերի:

Իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում էներգետիկայի ոլորտի օրենսդրության պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 10 արձանագրություն։ Կայացվել է 13 որոշում վարչական տույժ կիրառելու մասին, 2 որոշում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը  կարճելու մասին, 1 որոշում վերադաս բողոքի մասնակի բավարարման վերաբերյալ, գանձված գումարի չափը կազմել է 400 000 դրամ։

Էներգետիկայի և էներգասպառման բնագավառում կայացված 1 վարչական ակտ բողոքարկվել է վերադասության կարգով, 1-ը՝ դատական:

Տեսչական մարմնի պաշտոնական կայքում և սոցիալական ցանցի պաշտոնական էջում տեղադրվել է Էներգետիկայի և էներգասպառման ոլորտին վերաբերող 3 հաղորդագրություն։ Նկարահանվել է Էներգետիկայի և էներգասպառման բնագավառում 1 իրազեկող տեսահոլովակ:

Իրավախորհրդատվական աջակցություն է տրամադրվել 179 տնտեսավարողների և քաղաքացիներին, ընդ որում՝ 116 դեպքում  Տեսչական մարմնի նախաձեռնությամբ: Տնտեսավարողների և քաղաքացիների կողմից տրված հարցերը հիմնականում կապված են ՀՀ տարածքում 6 կՎ և բարձր լարման էլեկտրաէներգետիկական և միջին ու բարձր ճնշման գազամատակարարման համակարգերում նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու գործընթացի հետ։

Իրազեկման նպատակով կազմակերպվել է 54 հանդիպում, որից 23-ը (42.6%)՝ Արարատի, 17-ը (31.5%)՝ Լոռու, 9-ը (16.7%)՝ Սյունիքի և 5-ը (9.2%)՝ Վայոց Ձորի մարզերում: