Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Մարզպետ հեռացի՛ր»․ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչները Կառավարության մոտ են (տեսանյութ)

«Մարզպե՛տ հեռացիր» վանկարկումներով Կառավարության դիմաց այսօր հավաքվել էին Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչները։։ Նրանց պահանջն այն է, որ նախկինում 34 տարի գյուղը ղեկավարած գյուղապետը չվերականգնվի պաշտոնում։

Բնակիչներից մեկն «Ա1+»-ի հետ զրույցում ասաց՝ պահանջում են հանդիպում վարչապետի հետ, որովհետև չեն վստահում այլևս որևէ մեկին։

«Պատճառն այն է, որ մարզպետն աջակցում է նախկին գյուղապետին, որպեսզի վերադառնա իր պաշտոնին, բայց ամբողջ գյուղը չի ուզում»։

Գյուղացիները պնդում են՝ բազմիցս խնդրել են մարզպետին լսել իրենց, սակայն որևէ արձագանք չեն ստացել։

2000-ից ավել բնակիչ ունեցող գյուղի ներկայացուցիչները Կառավարության մոտ են եկել գյուղացիների մոտ 600 ստորագրություններով, որոնցով պահանջում են չվերականգնել նախկին գյուղապետին իր պաշտոնում։

Գյուղապետի տեղակալ Աշոտ Խուրշուդյանն էլ պնդեց․

«Մարզպետը ուզում է դատարանի թերի որոշում կայացրած վճռով 34 տարի թալան կատարած գյուղապետին վերականգնել իր պաշտոնին»։

Խուրշուդյանը պնդում է՝ մարզպետի հրահանգով իրեն բերման են ենթարկել գողության կասկածանքով։

Ավագանու անդամներից մեկն իր հերթին ասաց, որ եթե վարչապետն իրենց չընդունի, ունեն իրենց հետագա քայլերի պլանները, թե որոնք են դրանք՝  չբացահայտեցին։

Իրավապաշտպան Այսեր Իսայանն ասաց, որ ներկայացնում է Եղեգնուտ համայնքի իրավական պաշտպանությունը։ Վերջինս պնդեց, թե Արմավիրի մարզպետը սադրում է Եղեգնուտի բնակիչներին․

«Դո՛ւ չես որոշելու մարզպետ, թե բնակիչներն ինչ անեն, դու կարող ես միայն սադրել»՝ դիմելով Արմավիրի մարզպետին՝ հայտարարեց նա։

Եղեգնուտ համայնքի ներկայացուցիչներն հրավիրվեցին Կառավարության շենք՝ քննարկման։