Բացել լրահոսը Փակել լրահոսը
2.
A A
Պաշտոնական

Ա․ Միրզոյանը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաժողովին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 20-ին մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների հինգերորդ համաշխարհային առցանց համաժողովին: Հայաստանի խորհրդարանի նախագահը ելույթ է ունեցել «Ահաբեկչության դեմ պայքարը եւ բռնի ծայրահեղականությունը» թեմայով՝ մասնավորապես նշելով.

«Տիկին նախագահ,

հարգարժան գործընկերներ,

տիկնայք եւ պարոնայք,

ահաբեկչության եւ բռնի ծայրահեղականության դեմ պայքարն առավելապես կարեւոր է դարձել հատկապես վերջին տասնամյակների ընթացքում: Եթե ես մի բառով պատասխանելու լինեի, թե ինչպես պետք է աշխարհը պայքարի սրա դեմ, ես վստահաբար կասեի՝ բազմակողմանիությամբ: Եւ Միջխորհրդարանական միությունը՝ որպես ամենահին կազմակերպություն, որն իր հիմքում ունի բազմակողմանիություն, ամենահամապատասխան հարթակներից մեկն է վերոնշյալ խնդիրների քննարկման համար:

Ահաբեկչությունն իր բոլոր դրսեւորումներով ուղիղ սպառնալիք է բոլոր երկրների քաղաքացիների համար: Այն մշտական համընդհանուր սպառնալիք է, որը չի ճանաչում սահման կամ կրոն եւ մարտահրավեր է, որին միջազգային հանրությունը միասին պետք է դիմակայի: Ես կարծում եմ, որ մենք շարունակելու ենք պայքարել այս սպառնալիքի դեմ իր բոլոր ձեւերով եւ դրսեւորումներով, վճռականությամբ եւ լիարժեք համախմբվածությամբ:

Մեր օրերում ահաբեկչությունը նաեւ պրոքսի պատերազմների մի դրսեւորում է: Դժբախտաբար, այս մարտավարությանը մենք ականատես ենք լինում նույնիսկ Միջխորհրդարանական միության որոշ անդամ երկրների կողմից: Համաշխարհային հանրությունը կարող է տուժել այսպիսի խելահեղ գործողություններից, եւ խորհրդարանները պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն այս մարտահրավերների դեմ պայքարելու հարցում:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մեծապես կարեւորում է բազմակողմանի միջազգային համագործակցության ընդլայնումն ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում եւ հետամուտ է ՄԱԿ-ի բոլոր համապատասխան կոնվենցիաների եւ այլ միջազգային իրավական գործիքների լիակատար իրագործմանը:

Մենք՝ խորհրդարանների նախագահներս, աշխարհում ժողովրդավարության եւ խաղաղության աջակցման շրջանակում պետք է սատարենք  Միջխորհրդարանական միության ջանքերին, որը կարեւորագույն երաշխիք է ահաբեկչության եւ բռնի ծայրահեղականության դեմ պայքարելու ու աշխարհում ահաբեկչության նոր զոհեր չունենալու համար:

Շնորհակալություն ուշադրության համար»: