Արսեն Ջուլֆալակյանն առաջարկում է ամսական ցմահ պատվովճար տրամադրել չեմպիոնների մարզիչներին
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Երկու առաջարկ եմ ներկայացրել 2021թ. պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակում ընդգրկելու համար.
✅ Ամսական ցմահ պատվովճար տրամադրել ՀՀ քաղաքացի հանդիսացող և ՀՀ-ում մշտական բնակվող այն մարզիչներին (հավաքականի գլխավոր մարզիչ, և անձնական մարզիչ), ովքեր իրենց գործունեության ընթացքում պատրաստել են Օլիմպիական խաղերի չեմպիոններ և մրցանակակիրներ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններ և մրցանակակիրներ, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի և շախմատի աշխարհի չեմպիոններ։ Առաջարկել եմ գնահատել յուրաքանչյուր մարզչի գրանցած երկու լավագույն արդյունքը և պատվովճարի չափ սահմանել այդ երկուսի հանրագումարը։
Որպես պատվովճարի չափ առաջարկել եմ.
1. Օլիմպիական չեմպիոնի հավաքականի գլխավոր մարզչին, անձնական մարզչին- 100.000 դր
2. ՕԽ-ի 2-րդ մրցանակակրի հավաքականի գլխ. մարզչին, անձնական մարզչին- 70.000դր
3. ՕԽ-ի 3-րդ մրցանակակրի հավաքականի գլխ. մարզչին, անձնական մարզչին- 50.000դր
4. Աշխարհի չեմպիոնի հավաքականի գլխ. մարզչին, անձնական մարզչին- 50.000դր
☑️Կարծում եմ, այս առաջարկի ընդունումը կարևոր ուղերձ կլինի մարզաշխարհին առ այն, որ մարզիչ- մանկավարժի մասնագիտությունն ու գործունեությունը շատ կարևորվում է ՀՀ-ում։ Սա կլինի նաև ծանրակշիռ աջակցություն՝ ուղղված մարզիչ-մանկավարժների սոցիալական վիճակի բարելավմանը։
✅ Ամենամսյա թոշակ նշանակել Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (անհատական և թիմային), ինչպես նաև շախմատ մարզաձևի մեծահասակների ՀՀ առաջնության չեմպիոններին մեկ տարի ժամկետով՝ մինչև հաջորդ տարվա ՀՀ առաջնությունը։ Որպես ամենամսյա թոշակի չափ առաջարկել եմ սահմանել 50.000 դր։
☑️Կարծում եմ, նման մոտեցումը կարևոր խթան կհանդիսանա հատկապես դեռևս ոչ տիտղոսակիր մարզիկների համար, ովքեր հիմնականում եկամտի այլ աղբյուր չունեն և հնարավորություն կընձեռի վերջիններիս ինչ-որ չափով հոգալ սպորտային նվազագույն կարիքները։
Այն նաև էլ ավելի կբարձրացնի ՀՀ առաջնության դերակատարությունն ու կարևորությունը մարզիկների համար։