Բացել լրահոսը Փակել լրահոսը
աաա
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» Երևանում պարտվեց «Օմոնիային» և լքեց չեմպիոնների լիգան

Երևանի «Արարատ-Արմենիան» երկրորդ տարին անընդմեջ չկարողացավ հաղթահարել ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի նախնական փուլը և ժամանակից շուտ լքեց մրցաշարը:

Հայաստանի կրկնակի չեմպիոնն այսօր որակավորման առաջն փուլի խաղում սեփական դաշտում ընդունեց Կիպրոսի չեմպիոն Նիկոսիայի «Օմոնիայի»: Մեր ֆուտբոլիստները հենց սկզբից տարածքային առավելությունը հանձնեցին մրցակիցն և սկսեցին խաղալ հակագրոհների վրա: Սակայն «Արարատ-Արմենիան» շատ պարզունակ էր գործում և չէր կարողանում պաշտպանությունից արագորեն անցնել հարձակման:

Կիպրոսցիներն անընդհատ մամլիչ գործողությունների էին դիմում և մեր ֆուտբոլիստներին թույլ չէին տալիս ազատ գործել: Նման դեպքերում հարկավոր է արագ փոխանցումներով ձերբազատվել մրցակցից և արագ հակագորհներ ձեռնարկել: Առաջին խաղակեսում «Արարատ-Արմենիան» միայն մեկ անգամ հաջողվեց սուր գրոհ ձեռնարկել, սակայն Յուսուֆ Օտուբանջոյի կրունկով կատարած անսպասելի հարվածը շեղ ստացվեց:

Երկրորդ խաղակեսում պատկերը չփոխվեց: «Արարատ-Արմենիան» շարունակում էր մեծ ուժերով պաշտպանվել, իսկ «Օմոնիան» փորձում էր ճեղվածք գտնել տանտերերի հագեցած հետին գծում: Ամբողջ 45 րոպեի ընթացքում թիմերը միայն մեկական անգամ սպառնացին միմյանց դարպասներին, սակայն՝ անարդյունք: Այդպիսով, հիմնական ժամանակում գրանցվեց գոլազուրկ և դժգույն ոչ-ոքի:

Լրացուցիչ ժամանակը կրկին սկսվեց «Օմոնիայի» դիքային գրոհներով: Եվ ահա, 94-րդ րոպեին կիպրոսցիներին հաջողվեց կենտրոնով ճեղքել «Արարատ-Արմենիայի» պաշտպանական գիծը և բրազիլացի Տիագոն միայնակ հայտնվեց հարվածային դիրքում և գրավեց դարպասը: Այդ գոլը, կարծես, քնից «արթնացրեց» մեր ֆուտբոլիստներին, որոնք սկսեցին ավելի ակտիվ խաղալ: Ավաղ, այդ ակտիվության արդյունքն եղավ այն, որ 98-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» իսպանացի պաշտպան Դավիդ Խումանեսը երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց դաշտից: Մեր ֆուտբոլիստները փորձեցին փրկել խաղը, բայց՝ ապարդյուն:

Այդպիսով, «Արարատ-Արմենիան» լրացուցիչ ժամանակում պարտվեց 0:1 հաշվով և անմիջապես դուրս մնաց պայքարից, քանի որ կորոնավիրուսի պատճառով որակավորման փուլում հաղթողները որոշվում են մեկ խաղի ընթացքում:

Հավելենք, որ «Արարատ-Արմենիան» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայում՝ որակավորման 2-րդ փուլից: