16-ամյա տղան էկոակումբ է բացել
Աջակցիր «Ա1+»-ինՆարեկն ընդամենը 16 տարեկան է, բայց արդեն հասցրել է ճանաչում գտնել ոչ միայն հայրենի Վեդի քաղաքում , այլև հարակից համայնքներում։ Նա կարանտինի ընթացքում ստեղծել է «Արևիկ» էկոակումբն ու համախմբել 10 երեխաների՝ Արարատի, Վայոց ձորի մարզերից և Երևանից։
Ոգեշնչման աղբյուրը «Կենաց ծառ» էկոակումբն է եղել։ «2016 թվականին ընդունվել եմ «Կենաց ծառ» էկոակումբ, արդեն կես տարի հետո երազանք ունեի ունենալ սեփական էկոակումբը ։ Արձագանքները դրական էին։ Երկու խմբակների ակումբավարական կազմը շատ ուրախացավ,որ իրենց աշխատանքն արդյունք ու պտուղներ է տալիս»,- ասում է նա։
Նարեկին միացել է նաև նրա հասակակից Արեգը, ով «Բնասերներ» ակումբի շրջանավարտներից մեկն է։ «Հետաքրքիր ենք աշխատում, մեկ-մեկ էլ երեխաներին կիսում ենք իրար մեջ ու սկսում քննարկումներ անել»,-պատմում է նա։
Էկոակումբի առաջին դասընթացի թեման եղել է կիրառական էկոլոգիայի և շրջակա միջավայրի պահպանությունը։ Շաբաթական ունենում են մեկ դասընթաց, մեկ դերային խաղ, խմբային- թեստային աշխատանք և մեկ հանդիպում տարբեր ոլորտների մասնագետների հետ։
Նարեկը պատմում է, որ ինքն է մշակել է դասընթացը և աշխատում են ըստ պլանի․ «Ծրագիրը շատ ճկուն է , կարողանում ենք հանգիստ տեղաշարժել թեմաները,դասաժամերի քանակների փոփոխություններ անել»,- ասում է նա։
Նախատեսվում է էկոակումբը շարունակել մեկ տարի, իսկ մնացածը ցույց կտա ժամանակը։ Նարեկի խոսքով՝ էկոակումբն իր կյանք նոր գույն է բերել՝ շատ վառ ու պայծառ գույն․ «Երբ քո ձեռքով իրականացնում ես երազանքդ , աննկարագրելի զգացողություններ ես ունենում։ Ես ավելի կատարելագործվեցի, հմտացա ու շատ նոր գիտելիքներ ձեռք բերեցի»։