Հայտնի են շախմատի առցանց օլիմպիադայի եզրափակիչ փուլի 40 մասնակիցները
Աջակցիր «Ա1+»-ինԱռցանց անցկացվող շախմատի համաշխարհային օլիմպիադայում ավարտվել են որակավորման վերջին՝ 2-րդ փուլի հանդիպումները:
Ընտրական 5 խմբերում ընդգրկված 50 երկրների հավաքականները շրջանաձև մրցակարգով խաղարկեցին եզրափակիչ փուլի 15 ուղեգրեր: Դրանք հիմնականում նվաճեցին շախմատային առաջատար երկրները. Բուլղարիա, Գերմանիա, Հունաստան, Ռումինիա, Սլովակիա, Իսպանիա, Նիդեռլանդներ, Իտալիա, Թուրքիա, Խորվաթիա, Նորվեգիա, Հունգարիա, Անգլիա, Արգենտինա, Ինդոնեզիա:
Այդ երկրների թիմերը կմիանան շախմատի միջազգային ֆեդերացիայի կողմից նախապես ընտրված 25 երկրների հավաքականներին, որոնք ունեն բարձր վարկանիշ և ներկայացնում են բոլոր հինգ աշխարհամասերը: Այդ թիմերի շարքում է գտնվում նաև Հայաստանի հավաքականը, որն իր վարկանիշով զբաղեցնում է 5-րդ տեղը:
Եզրափակիչ փուլի 40 հավաքականները կբաժանվեն ընտրական 4 խմբերի միջև: Շրջանաձև մրցակարգով կորոշվեն երեք մրցանակակիրները: Խմբերի հաղթողները միանգամից կմտնեն քառորդ եզրափակիչ փուլ, իսկ ահա 2-3-րդ տեղերը գրաված թիմերը կկազմեն զույգեր և նոկաուտ համակարգով կորոշեն քառորդ եզրափակիչի մնացած 4 մասնակիցներին:
Նշենք, որ թիմերը կազմված կլինեն 6 մասնակիցներից՝ 4 շախմատիստ, 2՝ շախմատիստուհի, ընդ որում երկուսը պետք է լինեն մինչև 20 տարեկան: Պարտիաները կանցկացվեն 15+5 ժամակարգով: Քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերում թիմերը կանցկացնեն երկուական հանդիպում: Հաղթանակի համար տրվում է 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1:
Շախմատի առցանց օլիմպիադայի եզրափակիչ փուլը կմեկնարկի օգոստոսի 19-ին, իսկ կավարտվի օգոստոսի 30-ին: