Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+sevilja
A A
Սպորտ

«Սևիլյան» ընդհատեց անգլիացիների գերիշխանությունը Եվրոպայի լիգայում

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկությունում կայացավ կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը: Իսպանական «Սևիլյան» Քյոլնի «Ռեյշտադիոնում» 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ:

Հանդիպման 9-րդ րոպեին մանչեսթրցիները 11մ հարվածի իրավունք վաստակեցին, և Բրունո Ֆերնանդեշը բացեց խաղի հաշիվը: Իսպանացի ֆուտոլիստներն արդեն առաջին խաղակեսում ետ բերեցին այդ գնդակը, երբ 26-րդ րոպեին Սուսոն դիպուկ հարվածով եզրափակեց Ռեգիլոնի եզրային փոխանցումը:

Երկրորդ խաղակեսի սկզբին «Մանչեսթեր Յունայթեդը» դարպասը գրավելու մի քանի լավ պահեր ստեղծեց, սակայն իսպանացիների դարպասապահ Բունուն չեզոքացրեց բոլոր սպառնալիքները: Իսկ ահա խաղի 78-րդ րոպեին սևիլյացիները կրկին եզրային սուր գրոհ ձեռնարկեցին և պաշտպան Խեսուս Նավասի փոխանցումից հետո Լուկ դե Յոնգը երկրորդ գոլը խփեց անգլիացիներին: 

Մնացած ժամանակում «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչները չորս փոփոխություն կատարեցին և թարմ ուժեր մտցրին խաղադաշտ, սակայն «Սևիլյան» անառիկ պահեց սեփական դարպասը և պահպանեց հաղթական հաշիվը՝ 2:1:

Այդպիսով, իսպանական թիմը անգլիական երկրորդ ակումբին դուրս թողեց Եվրոպայի լիգայի ընթացիկ մրցաշրջանում: Հինգ օր առաջ սևիլյացիները 1:0 հաշվով պարտության էին մատնել «Վուլվերհեմփթոնին»: Հաշվի առնելով այն, որ Եվրոպայի լիգայի վերջին երկու խաղարկություններում հաղթել էին «Մանչեսթեր Յունայթեդն» ու Լոնդոնի «Չելսին», ապա կարելի է ասել, որ «Սևիլյան» ընդհատեց անգլիացիների գերիշխանությունը Եվրոպայի լիգայում:

Հավելենք, որ եզրափակիչ խաղի մյուս մասնակիցը հայտնի կդառնա այսօր կայանալիք «Ինտեր» - «Շախտյոր» կիսաեզրափակիչ երկրորդ խաղում: