Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Չի կառուցվելու․ Աղբյուր Սերոբի բնակիչները հայտարարություն են տարածել եւ ստորագրահավաք սկսել

Աղբյուր Սերոբ փողոցի բնակիչները ժողով են արել, հայտարարություն ընդունել եւ ստորագրահավաք իրականացրել

Աղբյուր Սերոբ փողոցի բնակիչները բողոքում են, քանի որ նոր կառուցվող  Էլիտար շենքը սափմանափակելու է նրանց  տեսադաշտը, դեպի Երևան բացվող գեղեցիկ տեսարանը։

 

Այսօր տեղի ունեցավ Աղբյուր Սերոբ փողոցի բնակիչների ժողովը, որի արդյունքում էլ հաստատվեց սույն հայտարարությունը։

Հայտարարություն

Ավելի քան 120 տարի առաջ, հայ ազատագրական շարժման ընթացքում ֆիդայի, հայդուկապետ Աղբյուր Սերոբը պայքարում էր հանուն իր հայրենի շրջանի հայ ազգաբնակչության պաշտպանության։ Այսօր, նրա անունը կրող երևանյան փողոցի բնակիչները պայքարում են շինարարության ոլորտում ամենաթողության, պաշտոնյաների կասկածելի անտարբերության, անարդար և անհասկանալի օրենքների, կառուցապատողների գերակայող անճաշակության և ագահության ճիրաններից ազատագրվելու համար։

Երևանի Աղբյուր Սերոբ փողոց 18 շենք հասցեում, որտեղ տարիներ շարունակ գործել է պետական մանկապարտեզ, մասնավոր կառուցապատողի կողմից նախատեսվում է 10-հարկանի բնակելի շենքի շինարարություն։ Այժմ ընթանում են նախկին մանկապարտեզի շենքի ապամոնտաժման աշխատանքները։

Սույն թվականի մարտ, ապրիլ ամիսներին շենքի 100 բնակիչների անունից դիմումներ և նամակներ ենք ուղարկել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանին, Երևանի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանին և ավագանու անդամ Պավել Սարգսյանին։ 2020թ․ մայիսի 5-ին Երևանի քաղաքապետի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնից ստացել էինք նամակ համաձայն որի շինթույլտվություն տալիս կուսումնասիրվեն մեր կողմից բարձրաձայնված հարցերը։ Մի քանի օր առաջ իմացանք, որ շինթույլտվություն տրամադրավել է։

Աղբյուր Սերոբ 7 շենքը (3-4 hարկանի) գտնվում է վերոհիշյալ շինարարության դիմացի մայթին՝ շատ մոտ տարածության վրա։ Նոր շենքի կառուցմամբ խախտվում են 7-րդ շենքի բնակիչների իրավունքները՝ այդ թվում առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության։ Կառուցվող բարձրահարկ նոր շենքը սահմանափակելու է արևային լույսի ներթափանցումը մեր բնակարաններ, առանց այդ էլ, մեր շենքի հակառակ կողմը բավարար արևային լույս չի ստանում, քանի որ արգելափակված է դեռևս խորհրդային ժամանակաշրջանում կառուցված մասնավոր շենքերով և բարձր հիմնապատով։ Էլիտար շենքը սափմանափակելու է մեր տեսադաշտը, դեպի Երևան բացվող գեղեցիկ տեսարանը։ Նշված առավելությունները, առանց իրազեկման, մեզանից անարդարացիորեն խլվում են։ Ընթացիկ շինաշխատանքները խանգարում են տնից աշխատող բնակիչների, տարեցների և երեխաների հանգստին։ Կարևոր է նաև նշել, որ էլիտար նորակառույցը խաթարելու է տարածքի ճարտարապետական բնապատկերը։

Շինարարության հարցով դիմել ենք ՀՀ բարձրագույն ղեկավարությանը՝ այն կասեցնելու և շինթույլտվության հիմքերն ու նպատակահարմարությունը վերանայելու պահանջով։ Դիմումների և նամակներին միացել են շենքի ավելի քան 100 բնակիչներ։ Մենք հայտարարել ենք, որ տվյալ հարցը դիտարկում ենք ավելի լայն համատեքստում, քան զուտ օրենքի տառին շինարարության համապատասխանությունը։ Միգուցե այն համապատասխանում է օրենքին, բայց գտնում ենք, որ նշված վայրում շինարարությունը ողջամիտ և արդար չէ։

Մենք կասկածում ենք այն լիազոր պետական մարմինների անաչառությանը որոնք կարող են նման տեղում բարձրահարկ շենք կառուցելու թույլտվություն տալ, մենք չենք վստահում այնպիսի օրենքներին, որոնք թույլատրում են նման վայրում բարձրահարկ բնակելի շենք կառուցել, ընդ որում, առանց հարակից շենքերի բնակիչների հետ նախնական քննարկումների և ծանուցման։ Վերջապես, մենք չենք վստահում կառուցապատողին, որը կարող է նախ որոշել այսպիսի վայրում մեծ շինարարություն նախաձեռնել և ապա՝ առանց շինթույլտվության գովազդել ու վաճառել նորակառույց շենքի բնակարանները։ Պատահական չէ, որ այստեղ տեսնում ենք կոռուպցիոն ռիսկեր։

Դրա հետ մեկտեղ մեր շահերը պատրաստվում ենք պաշտպանել օրինական միջոցներով։ Մեր պայքարը ուղղված է արդարության վերականգնմանը, իսկ թիրախը երևույթն է, այլ ոչ թե կառուցապատողը։ Կախված մեր պայքարի հետագա ընթացքից, նախաձեռնելու ենք քայլեր շինարարության ոլորտի քաղաքականության և օրենսդրություն մեջ փոփոխություններ կատարելու ուղղությամբ՝ առկա հարցերի լուծմանը հաղորդելով համակարգային բնույթ։

Մենք անտարբեր չենք մեր փողոցի, մեր թաղի, մեր քաղաքի, մեր երկրի ճակատագրի նկատմամբ։