Բացել լրահոսը Փակել լրահոսը
mijuk
A A
Քաղաքականություն

ՄԱԿ-ը որոշեց չերկարաձգել Իրանի նկատմամբ ոչ միջուկային զենքերի բեռնարգելքը

Ամերիկայի ձայն

Չնայած Միացյալ Նահանգների ջանքերին, ՄԱԿ-ը որոշեց չերկարաձգել Իրանի նկատմամբ ոչ միջուկային զենքերի բեռնարգելքը: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն այդ կապակցությամբ քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

‘’Այն մերժել է 13 տարի գործող զենքի բեռնարգելքը երկարաձգելու բանաձեւը` այդպիսով ահաբեկչությանը նպաստող աշխարհի ամենամեծ պետության առջեւ հարթելով զենք գնելու ու վաճառելու ուղիներ’’, ասված է Փոմփեոյի հայտարարության մեջ:

Որոշման բանաձեւին կողմ է քվեարկել միայն երկու պետություն` Միացյալ Նահանգներն ու Դոմինիկյան Հանրապետությունը: Դեմ են քվեարկել Ռուսաստանն ու Չինաստանը: Խորհրդի անդամ մյուս 11 պետությունները մնացել են ձեռնպահ: Բանաձեւը հաստատվելու համար պահանջվում է ինը ձայն եւ ոչ մի վետո:

ՄԱԿ-ում Իրանի դեսպան Մաջիդ Թախթ Ռավանչին ավելի վաղ ասել էր, որ Անվտանգության խորհրդի կողմից որեւէ նոր պատժամիջոցի ընդունում կամ որեւէ նոր սահմանափակում ‘’կարժանանա Իրանի խիստ հակաքայլերին’’: ‘’Մեր առջեւ առկա հնարավորությունները սահմանափակ չեն’’, ասել էր նա:

ՄԱԿ-ում Չինաստանի առաքելությունն իր թվիրթերյան էջում գրել է, որ այս քվեարկությունը նորից ցույց է տալիս, որ միակողմանիությունը չունի աջակցություն, եւ որ ուժի դիրքերից խոսելու հանգամանքը պիտի ձախողվի: ‘’Միջազգային համայնքում ընդհանուրի շահերից իր շահերը վեր դասելու ամեն մի փորձ տանում է դեպի փակուղի’’, ասված է չինական կողմի հայտարարության մեջ:

Դեպի Իրան առաքվող եւ Իրանից արտահանվող սովորական տիպի զենքերի բեռնարգելքի ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին: Վաշինգտոնը նախազգուշացնում է, որ Իրանին սահմանափակումներից ազատելու հանգամանքը է՛լ ավելի կվնասվի տարածաշրջանային կայունությունը, այն տանելով դեպի հակամարտությունների սրում, ու զարկ կտա զենքերի մրցավազքին:

ԱՄՆ-ը հայտարարում է, որ Իրանի նկատմամբ բեռնարգելքը երկարաձգելու հարցում Վաշինգտոնը նախապես ստացել էր Իսրայելի եւ Պարսից ծոցի արաբական երկրների աջակցությունը:

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան չեն բացառում, որ սովորական տիպի զենքերի բեռնարգելքից հրաժարումը կարող է բացասաբար ազդել տարածաշրջանային անվտանգության վրա, սակայն նշում են, որ իրենց գլխավոր նպատակը Իրանին միջուկային զենք ձեռքբերելու հնարավորությունից զրկելն է: Նրանք նաեւ հայտարարել են, որ Եվրոպական միության կողմից Իրանի դեմ հաստատված ոչ միջուկային զենքերի ու հրթիռային տեխնոլոգիաների բեռնարգելքի մասին որոշումն ուժի մեջ է մնալու մինչեւ 2023 թվականը:

Ռուսաստանի նախագահն ընդունել է Իրանի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամ պետությունների միջեւ աճող լարվածությունը: Պուտինն առաջարկել է անհապաղ հեռատեսիլային գագաթաժողով միմյանց միջեւ, Գերմանիայի ու Իրանի մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ մշտական հինգ անդամների ու Գերմանիայի մասնակցությամբ էր 2015 թվականին ընդունվել Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցներն աստիճանաբար հանելու մասին որոշում, ինչին ի պատասխան Թեհրանը պարտավորվել էր սահմանափակել միջուկային իր գործունեությունը, ինչը նրան կզրկեր ատոմային ռումբ ստեղծելու հնարավորությունից:

Սակայն ԱՄՆ-ի նախագահ Թրամփը 2018 թվականին իր երկիրը միակողմանիորեն դուրս բերեց պայմանագրից եւ սկսեց միակողմանի պատժամիջոցներ ընդդեմ Իրանի: Դրանից հետո էր, որ Թեհրանը վերսկսեց միջուկային գործունեությունը եւ անցյալ տարվա հուլիս ամսին չեղյալ հայտարարեց ուրանի հարստացման եւ պահեստավորման սահմանափակումների մասին պայմանագիրը: