Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայկ_Սարգսյան
A A
Քաղաքականություն

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պատգամավոր Հայկ Սարգսյանին պարզաբանման կհրավիրի (տեսանյութ)

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, անդրադառնալով իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ հարուցված վարույթին,  «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ հարցումներ են ուղարկել և՛ այն կազմակերպությանը, որի հետ Առողջապահության նախարարությունը պայմանագիր է կնքել, և՛ պետական բոլոր այն գերատեսչություններին, ովքեր առնչվել են այդ գործընթացին

«Առայժմ ընթանում են ուսումնասիրություններ դրան առնչվող տվյալների հավաքագրման տեսանկյունից»,-նշեց Հարությունյանը։

Մեր դիտարկմանը, թե ԱՆ խոսնակը անդրադարձել է Արսեն Թորոսյանի նկատմամբ հարուցված վարույթին՝ նշելով շահերի իրական բախում չկա, Հարությունյանն արձագանքեց

 «Նախարարությունը չէ այն մասնագիտացված կառույցը, որը իրավիճակային շահերի բախման առնչությամբ պետք է գնահատական կամ եզրակացություն տա, եթե դա այդքան հեշտ լիներ, մեկ ամբողջ մասնագիտացված հանձնաժողով չէր ձևավորվի»։

Հիշեցնենք՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով հուլիսի 31-ին վարույթ է հարուցել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ։

Առողջապահության նախարարությունը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը նախարար Արսեն Թորոսյանի կինն է՝ Վարդանուշ Թևանյանը։

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հարուցած վարույթի և ԲՀԿ պատգամավորների այն պնդումների մասին, թե Գագիկ Ծառուկյանի նկատմամբ շարունակվում է քաղաքական հետապնդում իրականացվել, Հարությունյանն ասաց՝ իրենց հարուցած վարույթը քաղաքական հետապնդում որակվել չի կարող

«Մենք խոսում էինք Առողջապահության նախարարի նկատմամբ հարուցված վարույթի մասին, դրանից առաջ ունեցել ենք  Երևանի քաղաքապետի առնչությամբ հարուցված վարույթ, այսինքն՝ այստեղ միանշանակ է, որ հանձնաժողովը իրականացնելու է գործողություններ, որոնք առանձին պաշտոնատար անձանց շահերի տեսանկյունից առաջացնելու են մեծ զգայունություն և դրան համարժեք արձագանքներ»։

Հանձնաժողովի նախագահը հայտնեց նաև, որ ուսումնասիրությունների փուլում է ՍԴ դատավորների երեք թեկնածուների բարեվարքության հարցը, արդյունքները շուտով կներկայացվեն Ազգային ժողովին

«Հանրային տրամադրությունները, որոնք հիմնված են ողջամիտ հիմնավորումների վրա, հանձնաժողովը օրենքով պարտավոր է հաշվի առնել և ուսումնասիրել, և ըստ հավաքագրված տվյալների՝ յուրաքնաչյուրին տրված միավոր արժեքը դուրս կբերի այն օբյեկտիվ գնահատականը, որը բնութագրիչ կհանդիսանա թեկանծուների համար»։

Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահը հայտնեց նաև, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարագրման ենթակա տվյալների հիմքով արձնագրություն է կազմվել, և նա հրավիրվել է հանձնաժողով պարզաբանումների, որից հետո պարզ կլինի՝ հայտնաբերված տվյալները բավարար են վարույթին ընթացք տալուն, թե՝ ոչ։