Բացել լրահոսը Փակել լրահոսը
բեյրութ-պայթյունը
A A
Պաշտոնական

Պողոսյան հիմնադրամը 250 հազար դոլար է հատկացնում Բեյրութի Մեսրոպյան դպրոցի վերականգնմանը

Հաշվի առնելով Բեյրութում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքները,  Պողոսյան հիմնադրամը որոշել է զգալիորեն ավելացնել 2020 և 2021 թվականների իր աջակցությունը Լիբանանում։ 

Հիմնադրամի համանախագահներ Ժան և Ալբերտ Պողոսյանների՝ 250 հազար դոլարի նպատակային անհապաղ ներդրումը կուղղվի Բեյրութի Մեսրոպյան դպրոցի շենքի վերականգնմանը, հազարավոր սննդային հրատապ փաթեթների առաքմանը, իսկ 80 սովորողների կհատկացվի 2000-ական դոլարի կրթաթոշակ։   

Բեյրութի Մեսրոպյան դպրոցը, որին Պողոսյան հիմնադրամն աջակցում է 1996 թվականից, պայթյունի հետևանքով հիմնովին վնասվել է. փշրվել են ապակիները, քանդվել պատերը։ Ուսումնական տարվա մոտենալու հետ խիստ հրատապ է դպրոցի շենքի վերականգնումը և վերանորոգումը։  

Պողոսյան հիմնադրամը 1988 թվականից կրթական և մշակութային խոշոր ծրագրեր է իրականացնում նաև Հայաստանում (երկրաշարժի աղետի գոտում՝ Գյումրու Տիրամայր Հայաստանի Պողոսյան կրթահամալիրի հիմնում, Սպիտակ քաղաքում մշակույթի պալատի և երաժշտական դպրոցի կառուցում, Թալինի տարածաշրջանի բոլոր գյուղերի ջրամատակարարման համակարգի կառուցում և այլն)։ Ժան և Ալբերտ Պողոսյանների ջանքերով հիմնովին վերանորոգվել է Երևանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնը (ՆՓԱԿ)։ 2000 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ նախաձեռնել և ամբողջովին ֆինանսավորում է ՀՀ նախագահի ամենամյա մրցանակը (2020 թվականից՝ Պողոսյան մցանակ)։ 2006-2008 թվականներին Պողոսյան հիմնադրամը նախաձեռնել և իրականացրել է Երևանի Սիրահարների այգու վերակառուցումը, և Երևանի քաղաքապետարանի հետ աջակցում է այգու պահպանմանը։

Պողոսյան հիմնադրամ