Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 14-ը օգոստոսի․ Ի՞նչ էին խոսում Քոչարյանն ու Ալիեւը Սադարակում․ «բանակցություններ առանց միջնորդների» (տեսանյութ)

1997-ի այս օրերին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը լողում է իր երազի հետքերով։ Նախօրեին նա երազում տեսել է Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյին, որ արցախյան պատերազմի առաջին օրերին ասել էր, թե շուտով իր ոտքերը կթրջի Սեւանի ջրերում։  Ի պատասխան դրա, նա օգոստոսի 14-ին   լողալով (4 ժամում 7 կլիոմետր) անցնում է Սեւանը՝ լայնությամբ։ Ընկերակից լողորդը Հայաստանում ռուսական ցամաքային զորքերի հրամանատարն է։

1998-ի այս օրերին Զբաղվածության հանրապետական ծառայությունն ուզում է հայտնաբերել հաշվառված այն գործազուրկներին, որոնք ստվերային եկամուտ ունեն ։ Այս իմաստով մտադիր են համագործակցել նաեւ հարեւան երկրների հետ։

Նախագահի նստավայրի դիմաց 9 հոգի 1998-ի օգոստոսի 14-ին 4 օրյա հացադուլ է հայտարարել։ Նրանք այստեղ պահանջում են քաշել դատավորների եւ դատախազների ականջները, որոնց սխալ որոշումները  իրենց հասցրել են այստեղ։ Նրանց կրկին առաջարկում են դիմել դատարան կամ դատախազություն։

Կառավարության ղեկավար Արմեն Դարբինյանը 1998-ի այս օրը հանդիպում է ստեղծագործական միությունների հետ ։ Ժուռնալիստների միությունը խնդրում է իրեն ազատել հարկերից եւ կառավարական երկու առանձնատուն նվիրել միությանը։ Հրանտ Մաթեւոսյանը խնդրում է 10-15 անապահով գրողի հատկացնել թոշակ 50-ից 100 դոլարի չափով։  

1999-ի այս օրը Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանն ու վարչապետ Վազգեն Սարգսյանն այցելում են Արարատի մարզ մարդկանց տեսնելու։ Այնտեղ պարզաբանումներ ներկայացնողը մարզպետ Հովիկ Աբրահամյանն է։ Սակայն սեփական տանը գտնվողի իրավունքով խոսք ասողը Վազգեն Սարգսյանն է։ Գյուղերից մեկի դպրոցի բակի որակը նրա համար թեմա է -Կարաս չասֆալտապատես։ Դեմիրճյանի վախտ էլ սենց ա եղել մեր դպրոցները։ Բայց գոնե մաքրացրեք։ Ստե չի, չէ՞։   Մարզում լրագրողների հետ Վազգեն Սարգսյանը խոսում է Հայաստանին տրամադրվելիք վարկերի եւ այն մասին, թե ինչպես է հայ ժողովուրդն ընկալում այդ վարկերը ։  

2002 թվականի օգոստոսի 14-ին Նախիջեւանի Սադարակ գյուղի մոտ հանդիպում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները՝ «բանակցություններ առանց միջնորդների» ձեւաչափով ։ Դաշտային պայմաններում իրար հետ անցկացրել են 4 ժամ: Եղանակը այնքան շոգ էր, որ նախագահների բանակցության համար բացված վրան պաղպաղակ էին տանում: Բանակցությունների թեման այդքան հովվերգական չէր, Ղարաբաղի կոնֆլիկտն էր ։

 2006-ի օգոստոսի 16-ին «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն դրական է վերաբերվում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի անդամակցությանը ՀՀԿ-ին, նա միշտ էլ սատարել է այդ կուսակցությանը, հիմա դա անում է բաց եւ թափանցիկ։ 

2008-ի օգոստոսի 13-ին եւ 14-ին Սերժ Սարգսյանը ռուս վրացական պատերազմի զոհերի առիթով ցավակցական խոսքեր է ուղղում նախագահներ Դմիտրի Մեդվեդեւին եւ Միխեիլ Սահակաշվիլիին։ Վրաստանի վրա հարձակված Ռուսաստանի նախագահին նա ցավում է սպանված ռուսների համար, իսկ Վրաստանի նախագահին անկեղծ ցավակցում զոհվածների համար։