Բացել լրահոսը Փակել լրահոսը
Movses1
A A
Հասարակություն

 «Հիմա ամեն ինչ խաղաղ է, բայց  դեռ չգիտեմ՝ կռավաթին քնեմ, թե՞ տակը». կյանքը սահմանին

Հեղուշ տատի համար քարտեզի վրա ապրելու ավելի լավ  տեղ չկա, քան հայրենի Մովսես գյուղն է։   Իր տնից երևում է հայ-ադրբեջանական  սահմանը, բայց երբ  դրությունը լարվում է՝ պատուհանից նայել չի կարողանում․  «Էդ ժամանակ պառկում եմ կռավաթի տակ»։

Անգործ նստել չի կարողանում, ասում է՝  մոտ  յոթ տասնամյակ աշխատում է․

 «Վեցերորդ դասարանից՝ դասերին զուգահեռ ծխախոտի դաշտ եմ մշակել, պաժարնիում տելեֆոնիստ եմ աշխատել, կապի գծով եմ աշխատել»։

 Մենակ է հիմա  ապրում Հեղուշ տատը Մովսեսի իր տանը։ Հինգ երեխա ունի, ամեն մեկը Մովսեսից հեռու տնավորվել է, անընդհատ իրեն էլ համոզում են տեղափոխվել, բայց․ «Ես իմ շեմը չեմ ձգի, ես իմ մշակած հողը անգույն չեմ թողնի»։

Տատի համար  անընդունելի է՝  որ իր տան շեմը, հողամասը կամ իր լեզվով ասած «դռիկը» դատարկ ու անմշակ մնա, ասում է՝ այն կողմից  նայում են, բա չտեսնե՞ն՝ ինչ լավ ենք ապրում։

 Հենց այս է պատճառը, որ ինքը անմշակ չի թողնում անգամ  սահմանին գտնվող հողակտորը։

«Խաղաղ օրերին ինձ խանգարող բան չկա, ես անցնում, ջրում, հետ եմ գալիս, բայց էս օրերին մի քիչ վախում եմ, իմ պատճառով բան չլինի, էլի»,֊ ասում է տատը՝ ամեն բառից հետո դադար տալով։

Ոչ մի բանի պակաս չունի, միայն ոռոգման ջրի  խնդիրն  է հուզում․ «Գյուղապետը տղայիս ընկերն է, ես գիտեմ, որ ճիշտ է ասում․ հենց ջուր լինի, կտա էլի»։

Արդեն տասը տարի է՝ ամուսինը հրաժեշտ է տվել երկրային կյանքին, , բայց ներկայությունը զգում է․ «Իմ մարդը շատ խելոք էր, առանց «ջան»֊ի ոչ մի անգամ ոչ մեկի հետ չէր խոսում։ Չի եղել, որ ասի  Հեղուշ ու ջանը կողքից չասի։ Սիրում էր, որ ես սիրուն եմ հագնվում, չէր խանդում։ Հիմա չգիտեմ ոնց ա, բայց իմ ժամանակ խանդելու առիթ էլ չկար, անտեղի բաներ չէինք անում»։

Երկու տարի առաջ գարնանը Մոսկվայում է եղել, տղաներից մեկի մոտ, ասում է՝ Հայաստանում եթե լիներ, ակտիվ կմասնակցեր հեղափոխությանը։

 «Էնտեղ վիրահատություն տարա ու էս տարիքում, որ նարկոզից հետո աչքերս բացեցի, էլ թուրքի կրակոցն ինձ ի՞նչ կանի»,-այս կերպ էլ նաեւ որդիներին է համոզում, որ չտեղափոխվի։

Հեղուշ Մկրտումյանը երկար ժամանակ է ուզում է գնալ գյուղի մեծ եկեղեցին, բայց չի կարողանում, սպասում է մեկը հյուր գա, միասին գնան։  Հյուրընկալ է, սիրով պատրաստ է ընդունել  «էրևանցիքին», իրենց գյուղի տեղական խմորեղենը՝ սալին, հաճույքով կպատրաստի ցանկացածի համար։ Սալի պատրաստելու համար ամռան շոգին փայտե վառարան էլ  կվառի։

 Հուլիսի 23֊ին տատը «մտել է իր 80֊ի մեջ» եւ  երազում է, որ մյուս տարի՝  80- ամյակին բոլոր տղաները Մովսեսում հավաքվեն, խաղաղ լինի, վիրուս չլինի, ծնունդ նշեն․

«Էլ չեմ ուզում իմ տնից երևա՝ ինչպես են մեքենաները էն սարերը բարձրանում, հաց տեղափոխում ու հետդարձին հանկարծ ․․․վիրավոր զինվոր»։

«Հիմա ամեն ինչ խաղաղ է, բայց  դեռ չգիտեմ՝ կռավաթին քնեմ, թե՞ տակը»,- տխուր ժպիտով եզրափակում է Մովսեսի տարեց բնակիչը։

հեղուշ.jpg (68 KB)