Արթուր Մեսչյանն ազատվել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից․ կաշխատի մինչեւ օգոստոսի 17-ը։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետանի մամուլի ծառայությունից։
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48.1-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Ա. Մեսչյանի դիմումը՝
1.Արթուր Մեսչյանին՝ 2020 թվականի օգոստոսի 17-ից ազատել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից:
2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ կատարել վերջնահաշվարկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»։
Հիշեցենք՝ Մեսչյանի հրաժարականի դիմումի մասին Մարությանը հայտարարել էր օգոստոսի 4-ին կայացած մամուլի ասուլիսում` հիշեցնելով, որ Մեսչյանն ի սկզբանե ասել էր, որ գալիս է 2 տարով։
Երգիչ, երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանը քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Երևանի գլխավոր ճարտարապետ էր նշանակվել 2018 թ.–ի հոկտեմբերի 23-ին։
Մեսչյանը Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում նախկինում աշխատել էր նաև 1996թ–ին` մեկ տարի տևողությամբ։
1997-ին նա պաշտոնից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։