Բացել լրահոսը Փակել լրահոսը
117445243_913464829148771_4810765942797674508_n
A A
Պաշտոնական

Պալիատիվ բժշկական օգնության գծով լիցենզավորվել է 16 բժշկական կազմակերպություն

Պալիատիվ բժշկական օգնությունը և սպասարկումը առողջապահության համակարգի գործունեության նոր՝ մարդասիրական ուղղություն է: Կարևորելով վերջինս դերն ու նշանակությունը՝ «Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման զարգացման ռազմավարության և միջոցառումների ծրագրի» շրջանակներում իրականացվել են մի շարք միջոցառումներ, ինչի շնորհիվ հնարավոր եղավ Հայաստանում պալիատիվ բժշկական օգնության  ներդրումը: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Առողջապահության նախարարի հրամաններով հաստատվել են պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման գործընթացը կանոնակարգող նորմատիվային փաստաթղթեր, պարզեցվել են «պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում» մատուցելու, այդ թվում` շարժական ծառայության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները: 

2018-2020 թվականներին պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տեսակի գծով լիցենզավորվել է թվով 16 բժշկական կազմակերպություն, որից 10-ը  հիվանդանոցային (6-ը` Երևանում և 4-ը` մարզերում) և 6-ը արտահիվանդանոցային (3-ը` Երևանում և 3-ը` մարզերում):

2019 թվականին, առաջին անգամ, Երևանի Թիվ 13 պոլիկլինիկայում և «Մասիս Հոսպիս» ՍՊԸ-ում տեղադրվել է պետական պատվեր արտահիվանդանոցային և արտագնա պալիատիվ բուժօգնության գծով: Այսօր արդեն արտահիվանդանոցային պալիատիվ բուժօգնության ծառայության մասով պետական պատվեր տեղադրվել է 7 բժշկական կազմակերպությունում (1-ը` Երևանում և 6-ը` ՀՀ մարզերում)

Ավելին` այս տարի առաջին անգամ առողջապահության նախարարության կողմից սահմանվել է հիվանդանոցային պայմաններով պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման միջինացված գին և երկու հիվանդանոցային բժշկական կազմակերպությունում` ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում» (10 մահճակալ) և «ԱՎԱ ՄԵԴ» պալիատիվ խնամքի և բժշկության կենտրոնում` (13 մահճակալ)  տեղադրվել  է պետական պատվեր: 

         Նշենք, որ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում» կազմակերպվել են պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ երկշաբաթյա վերապատրաստման դասընթացներ առողջության առաջնային պահպանման հաստատությունների բժիշկների և բուժքույրերի համար, որոնց մասնակցել են 23 բժիշկ և 43 բուժքույր: