Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մանկավարժական-համալսարանում-ուսանողների
A A
Հասարակություն

Ուսանողները՝ անորոշ վիճակում. երբ նախարարը որոշումը կհրապարակի

Բուհերում դասերի  վերսկսման որոշման բացակայությունը  մարզաբնակ ուսանողների մոտ «արտակարգ դրություն» է ստեղծել ՝ վարձե՞լ բնակարան, թե՞ ոչ։

ԵՊՀ ուսանողուհի Շուշան Տերտերյանը մարտին արդեն ունեցել է խնդիրներ վարձակալության հետ կապված։

« Նախ երբ սկսվեց արտակարգ դրությունը, ես ու ընկերուհիներս ստիպված վճարեցինք տան ամբողջական գումարը մինչև հունիս, որովհետև կար պայմանավորվածություն, ըստ որի մինչև հունիս մնալու ենք, բայց ոչ ոք չգիտեր թե ինչ է մեզ սպասվում..»,- պատմում է աղջիկը։

Նրա խոսքերով տան տիրոջ հետ  բանակցությունները, որ գոնե մի փոքր մասը վճարեն, անցել են ապարդյուն, արդյունքում մի քանի ամիս վճարել են այն տան վարձը, որտեղ չեն բնակվել։

19 -ամյա ուսանողուհին ասում է՝   իրենց  համար էլ էր բարդ , բայց հասկանում էին նաև տան տիրոջը։

Եթե  դասերը վերսկսվեն՝  հեշտ կլինի՞ արդյոք Երեւանում բնակարան գտնելը. «Հուսով ենք, որ այն տունը, որտեղ նախկինում բնակվում էինք, տան տերը կտա էլի մեզ, բայց միանշանակ ոչ մի բան չկա, օգոստոսի կեսն է ու մենք դեռ չգիտենք ոնց կազմակերպենք մեր հետագա քայլերը, դրա համար  էլ շատ մտահոգ ենք՝ կտա՞ն էլի մեզ այդ տունը, թե՞ չէ, կհասցնե՞նք տուն գտնենք, թե՞ չէ, որովհետև շատ կարևոր դեր ունի մեր ուսումնական գործընթացում իմանալը՝ ունենք մնալու անկյուն, թե չէ...»։

Երեկ  ԱԺ-ում  պարետ Տիգրան Ավինյանն ասել էր, որ  տուրիստական ներհոսքի նվազման պատճառով բնակարանների գները կարող են անգամ նվազել, սակայն  ուսանողները այդպես չեն կարծում  Նելլի Իգիթյանն  անցած տարի մոտ 70,000 դրամով  վարձակալել էր 2 սենյականոց բնակարան, հիմա չի գտնում.

 «Այս պահին նման պայմաններով բնակարան դժվարանում եմ գտնել»։

Նա էլ է սպասողական վիճակում, որը նյարդայնացնող է.

«Դե չգիտեմ էլ եթե սեպտեմբերից դասի գանք, այդքան կարճ ժամանակում կկարողանա՞մ տուն գտնել, թե՞ ոչ, անորոշ վիճակում եմ»։

Հիշեցնենք, որ Կրթության, գիտության, մշակույթի  եւ մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ բուհերի և մի շարք այլ կրթական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում։