Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ղալաթ կանի մեկը, ով կասի՝ կառավարությունը կոռումպացված է. Նիկոլ Փաշինյանը բարկացավ (տեսանյութ)

«Հիմա եկել եք, ասում եք՝ բյուջեից էս տվեք, էն տվեք, բայց որ խոսքը գնում է բյուջեին պարտաճանաչ վճարումներ անելու մասին, այդ ժամանակ գործարար շրջանակները ինձ հետ հանդիպումից դուրս են գալիս, ասում են՝ մի քիչ դժգոհ ենք»։ 

Կառավարության այսօրվա նիստում, անդրադառնալով բիզնեսին տրվող աջակցությանը, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հասկանում է այսօրվա քննարկումները, երբ տարբեր ոլորտներ գալիս են և բյուջեից ակնկալում են աջակցություն, միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է՝  1․5-2 տարի առաջվա քննարկումները․

 «Այդ նույն մարդկանց ներկայությամբ ասում էինք՝ բյուջեն մեր բոլորի գրպանն է, պետք չէ ամեն ինչ անել, որ մի կոպեկ պակաս վճարել բյուջե։ Ես այս  հանդիպումների ընթացքում հիշեցնում էի մեր գործընկերներին այդ քննարկումները»։

Նիկոլ Փաշինյանի համար հասկանալի չէ՝ ինչ է նշանակում չտրամադրել ՀԴՄ կտրոն․

«Այն ժամանակ ասում էիք՝ Կառավարությունը կոռումպացված է, բոլորը տանում են, մենք էլ ենք տանում, հիմա էլ ղալաթ կանի մեկը, ով կասի՝ Կառավարությունը կոռումպացված է։ Հիմա էլ ես եմ ասում՝ կոռուպցիոն այդ երևույթը մնացել է, և ես էլի եմ ասում՝ ՀԴՄ չխփելը զինվորի հացը գողանալ է, այստեղ չքմեղանալու կարիք չկա»։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց գույքահարկի բարձրացման նախագծի  շուրջ քննադատությունները․

«Ոչ մեկ չի ասում ՝ եկեք տեսնենք Երևան քաղաքի կենտրոնում գույքահարկը քանի կոպեկ է, ոչ մեկ չի ասում՝ եկեք արձանագրենք, որ ՀՀ-ում անշարժ գույքի հարկ գոյություն չի ունեցել, որովհետև փախեփախի տրամաբանության մեջ է եղել, որովհետև անշարժ գույքի կադաստարային արժեքը դրված է եղել սեփականաշնորհումների հիմքում, և չնչին կոպեկներով այս դահլիճում ամբողջ Հայաստանի գույքը սեփականաշնորհվել է, և գույքահարկ չի վճարվել»։

Նիկոլ Փաշինյանը պնդեց՝ ճգնաժամից հետո պետք է ամենադաժան ձևով բիզնեսի կարգապահությունը և ստանդարտները բարձրացնել․

«Մեր բիզնեսի խնդիրն այն է, որ մենք միշտ նշաձողը դնում ենք ամենացածր սեգմենտի վրա, որակական ամենացածր ստանդարտների վրա, որովհետև մեր մոտ կա գործարարության ստանդարտ։ Ավելի կարևոր է, որ այդ գործարարության արդյունքում հնարավորինս ավելի լավ մեքենայով շրջենք, քան գումար ներդնենք գիտելիքի , տեխոնոլոգիայի, ստանդարտի վրա»։

Որպես օրինակ վարչապետը շինարարության ոլորտի մասին խոսեց․ 

«Միայն շինհրապարակները նայում ես, հասկանում ես՝ ինչ բիզնես կուլտուրա գոյություն ունի մեր երկրում, որովհետև շինհրապարակ մեր երկում առաջին հերթին նշանակում է աղբանոց»։