Կրակոցներ հնարավոր են, բայց անհանգստանալու ոչինչ չկա․ Տավուշի մարզպետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Սահմանամերձ գյուղերում մարդիկ վաղուց հասցրել են վերադառնալ բնականոն կյանքին»,- սահմանամերձ Բարեկամավանում «Ա1+»-ի հարցին ի պատասխան ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
Մարզպետը նաև տեղեկացրեց՝ այժմ այդ գյուղերում բուռն շինարարական աշխատանքներ են, ինչը ևս ոգևորում է մարդկանց․
«Կարծում եմ՝ մեկ ամսից մենք արտաքնապես և բովանդակային առումով լրիվ փոխված գյուղեր կտեսնենք այնտեղ»,-վստահեցրեց Չոբանյանը։
Մարզպետ նաև նշեց՝ Տավուշում խաղաղ է, թեև հնարավոր է լինեն որոշակի միջդիրքային կրակոցներ, բայց անհանգստանալու ոչինչ չկա։
Ինչ վերաբերում է Բարեկամավանին, Չոբանյանն ասաց՝ այստեղ բավականին երկար ժամանակ լուրջ միջադեպեր չեն եղել․
«Անցյալ տարի մենք ունեցանք լուրջ միջադեպեր ՝Բերքաբերի ուղղությամբ, գիտեք՝ հուլիսին էլ մենք ունեցանք գրեթե պատերազմական իրավիճակ Բերդի տարածաշրջանում, բայց սա մեր կյանքի մի մասն է և խոսոմ է ոչ միայն մեր անվտանգային համակարգի բարձրացման մասին, որը իրենից ներկայացնում է և՛ պատսպարման հնարավորությունները, և՛ տնտեսական բաղադրիչը, ինչը մարդուն պահում է այստեղ, նաև ռազմավարական խնդիրներ է լուծում, իսկ այդ խնդիրների լուծմամբ մենք կարողանալու ենք ավելի լավ դիրքեր ունենալ Ադրբեջանի հետ հարաբերություններում»։
Մարզպետը նաև տեղեկացրեց, որ սահմանամերձ բոլոր գյուղերում այսօր կա օպտիկա-մանրաթելային կապ, որի գործարկման ուղղությամբ այսօր աշխատում են․
«Սահմանամերձ գյուղերում առաջնային խնդիրը մեզ համար տնտեսական բաղադրիչի ուժեղացումն է, հիմնականում խոսքը վերաբերում է գյուղատնտեսությանը։ Մեր գյուղերի ծանրակշիռ մասը չի ոռոգվում, սա նշանակում է, որ այդ հողերը տալիս են առնվազն 10 անգամ ցածր եկամուտ, դրա համար ոռոգման համակարգերի ստեղծումը մեզ համար թիվ մեկ առաջնահերթությունն է»։
Չոբանյանը վստահեցրեց՝ թշնամու ուղիղ տեսահսկողության տակ գտնվող սահմանամերձ գյուղերի համար նախատեսել են նոր գյուղատնտեսության նոր մոդելներ, որոնք լայնամասշտաբ հողային կիրառումներ չեն պահանջում․
«Կոնկրետ Բարեկամավանը մենք նախատեսում ենք զարգացնել մեղվաբուծական առումով, և անցյալ տարի մենք արեցինք առաջին ծրագրերը»,-ասաց նա։