Բացել լրահոսը Փակել լրահոսը
117728463_772154866869048_4990037723511015019_o
A A
Մարզեր Հասարակություն

Սահմանամերձ Բարեկամավանում Հայփոստի նոր բաժանմունք է բացվեց, կլինի նաև լայնաշերտ ինտերնետ (տեսանյութ)

Նամակներն ու ծանրոցները սահմանամերձ Բարեկամավանից դեպի այլ քաղաքներ և հակառակ ուղղությամբ այսուհետ ավելի արագ կհասնեն։ Բարեկամավանում այսօրվանից  կգործի նոր տիպի փոստային բաժանմունք։

Գյուղացիների համար սա նորություն էր, գրեթե ողջ գյուղով հավաքվել էին մասնակցելու բացման միջոցառմանը։

 Գյուղում գործող հին փոստային բաժանմունքի շենքն անմխիթար վիճակում էր, ինչպես ֆիքսեց «Ա1+»-ի տեսախցիկը։

Նոր տիպի փոստային բաժանմունքը դիրքային առումով տեղադրված է ավելի անվտանգ տեղում, մինչդեռ նախորդը գնդակոծման վտանգի տակ էր,-արձանագրեց «Հայփոստ» ընկերության տնօրեն Հայկ Կարապետյանը։

Վերջինս պատմեց՝ վերջերս այցելել է Բարեկամավան և գյուղապետի հետ զրույցից հետո հասկացել՝ եթե որոշել են իրավիճակ փոխել գյուղում, պետք է լավագույն տեխնոլոգիաները բերեն այստեղ․

 «Մենք բերում ենք գյուղ նաև լայնաշերտ ինտերնետ, որը չկար Բարեկամավանում, համոզված եմ, որ այս լայնաշերտ ինտերնետը հնարավորություն կտա երիտասարդներին լինել ինտեգրված, առցանց կրթություն ստանալ հարազատ համայնքում , օգտվել թվային աշխարհի ծառայություններից»։

«Հայփոտ»-ի տնօրենը համոզմունք ունի, որ այս ինտեգրումը Բարեկամավանի երիտասարդների համար գյուղում մնալու մոտիվացիա կդառնա։

Կարապետյանը նաև հավելեց՝ աշխատելու են, որ մնացած բոլոր համայնքներում գործող փոստային բաժանմունքները լինեն կա՛մ վերանորոգված, կա՛մ նոր կառուցված, իսկ Բարեկամավանն առաջին սահմանամերձ գյուղն է, որն արդեն ունի նոր տիպի փոստային բաժանմունք։ Կարապետյանը վստահեցրեց՝ առաջիկայում մյուս գյուղերում նույնպես նման բաժանմունքներ կգործեն։
Սա միակ լավ նորությունը չէր բարեկամավանցիների համար։ Գյուղում շուտով կմեկնարկի  դպրոցի և բուժկետի վերանորոգման աշխատանքները: Այս մասին հայտարարեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Ինձ համար կարևոր է Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակչի կյանքի պայմաններն ու որակը: Գյուղը պետք է ոչ միայն հարուստ լինի բնությամբ ու մարդկանցով, այլ նաև միջավայրով, ծառայությունների որակով: Այսօրվա ներդրումը նշաձող է այն բոլոր ծրագրերի համար, որոնք պիտի իրականացնենք: Այս ծրագիրը շարունակական պետք է լինի մեր մյուս գյուղերում: Մեր ժողովուրդը և մեր գյուղը արժանի են լավագույնին»,-հայտարարեց  Հայկ Չոբանյանը:

Բացման արարողությանը մասնակցող  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանն իր հերթին   բարեկամավանցիներին հորդորեց ակտիվորեն օգտվել «Հայփոստի» ծառայություններից՝ ավելացնելով, որ սա ուղղակի գեղեցիկ շինություն չէ, այստեղ հասանելի է դառնալու մեկ պատուհանի սկզբունքը․

Փոխնախարարը վստահեցրեց՝սահմանամերձ համայնքներում փոստային ենթակառուցվածքների արդիականացման միջոցով հասանելի դարձնել պետական ֆինանսական բանկային մի շարք ծառայություններ: