Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դա Ռուսաստանի՛ քաղաքականությունն է. Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց բողոքի ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)

«Ուր ասես դիմել ենք, դիմումներ ենք գրել, ոչ մի հստակ արձագանք չկա, չեն ասում գոնե էս վիճակը ինչքան կշարունակվի։ Հիմա էստեղ ոչ աշխատանք ունեմ, ոչ բնակարան, էնտեղից ինչքա՞ն պետք է ինձ գումար ուղարկեն, որ ես կարողանամ էստեղ գոյատևել»,- ասում է Հասմիկ Հախվերդյանը, որն այսօր կառավարության շենքի մոտ այլ քաղաքացիների  հետ պահանջում էր  հնարավորություն տալ  վերադառնալ  ՌԴ։  Ակցիա անողները միայն հայազգի ՌԴ քաղաքացիներ չէին։   Հիմնականում արտագնա  աշխատանքի մեկնողներն  էին։

 Հասմիկ Հախվերդյանի խոսքով ՝ միայն «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն է, ով բարձրաձայնել ու պատասխանում է իրենց նամակներին.

«Բացի Էդմոն Մարուքյանից ուրիշ ոչ մի պաշտոնատար անձ չի արձագանքել կամ պատասխան տվել։ Մարուքյանն էլ արագ պատասխանում է մեր հարցերին, բայց դե ինչ, ինքը ինչ կարող է անել»։

Ակցիայի մասնակիցներին մոտեցավ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը,որը մասնակցում էր կառավարության արտահերթ նիստին։ Ըստ նրա՝  լուծումը հայկական կողմի ձեռքում չէ.

«Ռուսական կողմը սահմանել է, եթե իրենց երկրում քաղաքացին չունի բարեկամ, հարազատ, ապա մուտքը սահմանափակված է։ Այսպես ամեն երկիր իրականացնում է իր միջոցառումները՝ իրականացնել տարբեր տեսակի սահմանափակումներ։ Մեր երկրում արտակարգ դրության լինել-չլինելը որևէ կերպ չի ազդում այս խնդրի վրա»։

Ակցիայի մասնակիցներից Մարիամին արտգործնախարարը չհամոզեց.  «Մեր խնդրին թող անդրադառնա այնպիսի պաշտոնյա, ով տեղյակ է օրենքներից ու կարողանում է դիվանագիտական հարաբերությունները կարգավորել»։

Իր խոստմանը համաձայն քաղաքացիներին զանգահարեց  վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, ով ավելի վաղ մոտեցել էր նրանց եւ  խոստացել՝  մոտակա մեկ ժամվա ընթացքում կապ հաստատել և և կոնկրետ պատասխան տալ.

«Այսօր արդեն կառավարությունը ոչ Հայաստանի քաղաքացիների համար հանեց երկիր մուտք գործելու արգելքը, բայց երկրից դուրս գալու մասով ոչինչ դեռևս որոշված չէ։ Կճշտեմ և կզանգահարեմ ձեզ»։

Մեկ ժամ անց խոստացված զանգից պարզ դարձավ, որ խնդիրը կքննարկվի պարետատանը և որևէ լուծման դեպքում քաղաքացիները կիրազեկվեն։

ՌԴ  մեկնել ցանկացող քաղաքացիներին, սակայն, չբավարարեց վարչապետի օգնականի պատասխանը։ Նրանք ստորագրահավաք կազմակերպեցին փոխանցելու իրենց դիմում-խնդրանքը արտգործնախարարություն։ Նրանց համոզմամբ ՌԴ-ն կթույլատրի իր երկիր իրենց մուտքը, եթե Հայաստանը վերացնի արտակարգ դրությունը։