Բացել լրահոսը Փակել լրահոսը
117333715_3420423428017140_3021240315544234052_o
A A
Պաշտոնական

Համերաշխություն Բելառուսին՝ Հայաստանի քաղաքացիական հասարակությունից

Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, վստահ ենք, որ Բելառուսի քաղաքացիները պետք է կարողանան ազատորեն իրացնել իրենց իրավունքները․ 

?փոխել կառավարությունը ԵԱՀԿ չափանիշների վրա հիմնված ազատ և ժողովրդավարական ընտրությունների միջոցով,

?խաղաղ ցույցեր և ազատ հավաքներ  իրականացնել իրենց ընտրական և մարդու իրավունքների պաշտպանության համար և դրանց խախտումների դեմ, 

?չենթարկվել բռնությունների և կամայական ազատազրկումների, 

?ունենալ տեղեկատվության և մամուլի լիակատար ազատություն: 

Մենք դատապարտում ենք քաղաքական ընդդիմադիրների և նրանց աջակիցների նկատմամբ նախընտրական հետապնդումները, վաղ քվեարկության ընթացքում և ընտրությունների օրը դիտորդների կողմից արձանագրված խախտումները, այդ թվում՝ դիտորդների կամայական ազատազրկումը և նրանց աշխատանքի խոչընդոտումը, քվեարկության արդյունքների կեղծումը, հետընտրական ձերբակալությունները, ինչպես նաև ոստիկանության կողմից անհամաչափ և չարդարացված ուժի կիրառումը, որի հետևանքով առնվազն մեկ մարդ է մահացել և հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։  

Հայաստանի ժողովրդավարությունը և զարգացումը բռնի կերպով կասեցվել են բազմաթիվ կեղծված ընտրություններով։ 2008 թ․ ժողովրդի քվեարկության նմանատիպ կեղծման և հանրային դժգոհության բռնի լռեցման արդյունք էր պետության լայնածավալ զավթումը, անպատժելիության, կոռուպցիայի և մարդու իրավունքների համակարգային խախտումների խորացումը։ Միայն 2018 թ․ տեղի ունեցած հեղափոխության միջոցով Հայաստանի ժողովուրդը կարողացավ վերականգնել արդարությունը, սակայն մինչ օրս՝ երկու տարի անց, դեռ պայքարում է բռնության և կոռուպցիայի մնացորդների դեմ։  

Լիարժեք համերաշխություն հայտնելով Բելառուսի ժողովրդին` մենք ողջունում ենք նրանց ուժեղ կամքը, ոգին և պատրաստակամությունը՝ պաշտպանելու սեփական իշխանություն ընտրելու իրենց լեգիտիմ իրավունքը, վերականգնելու իրենց արժանապատվությունը, իրավունքներն ու արդարությունը։  

Մենք պահանջում ենք Բելառուսի գործող նախագահից. 

?ապահովել ընտրական գործընթացի անկախ վերանայումը և ձայների վերահաշվարկը,

?անհապաղ դադարեցնել քաղաքական ընդդիմադիրների և խաղաղ ցուցարարների հետապնդումը,

?ազատել բոլոր քաղբանտարկյալներին։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հանրային լրագրության ակումբ
«Խաղաղության Երկխոսություն» ՀԿ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ