Բացել լրահոսը Փակել լրահոսը
դատախազություն
A A
Պաշտոնական

Պետությանը և համայնքներին 214.8 մլրդ դրամի վնաս է պատճառվել

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել են քննչական բոլոր մարմինների վարույթում քննվող քրեական գործերով պետությանը և համայնքներին պատճառված վնասների բացահայտման, պատճառված վնասների վերականգնման, ինչպես նաև պատճառված վնասների վերականգնումն ապահովելու նպատակով կիրառված միջոցների կիսամյակային արդյունքները:  

Ըստ այդմ՝ 2020 թվականի հունիսի 30-ի դրությամբ ՀՀ իրավասու մարմինների վարույթներում եղած թվով 1283 քրեական գործերով հարուցման պահին արձանագրվել է հանցագործությամբ պետությանը և համայնքներին պատճառված նախնական հարշվարկով 214782710692 ՀՀ դրամի վնաս, որից 204685121146 դրամը հանդիսացել է պետությանը, իսկ 10097589546 դրամը՝ համայնքներին պատճառված վնասը: 

Քրեական գործերի նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննությունների կամ այլ քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում վերը նշված ընդհանուր վնասից արդեն իսկ հաստատվել է 128870997477 ՀՀ դրամը, որից 127428746833 դրամը հանդիսացել է պետությանը պատճառված վնասը, 1442250644 դրամը՝ համայնքներին։

Նույն ժամանակահատվածում արձանագրված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 24906055052 դրամը, որից 24197560432 դրամը հանդիսացել է պետությանը պատճառված վնասը, 708494620 դրամը՝ համայնքներին։

Պատճառված վնասների վերականգնումը, հնարավոր բռնագանձումն ապահովելու նպատակով հիշյալ քրեական գործերի նախաքննության ընթացքում արգելանք է դրվել ընդհանուր առմամբ 84502200 ՀՀ դրամ գումարի, 5838598990 ՀՀ դրամ հաշիվների վրա: Արգելանք է կիրառվել նաև 85 անուն շարժական և 148 անշարժ գույքերի, ինչպես նաև 22 հողատարածքների նկատմամբ, որից այս պահի դրությամբ գնահատված է 26381004571 դրամ արժողությամբ շարժական և  անշարժ գույքը իսկ մնացածի արժեքը որոշման ընթացքում է։

Վերը նշված թվով 1283 քրեական գործերի նախաքննության ընթացքում հանցագործություն կատարած ենթադրյալ անձանց թիվը հունիսի 30-ի դրությամբ կազմել է 873 անձ, որոնցից 529 անձի արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել, կամ՝ որոշում կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

 

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին