Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 11-ը օգոստոսի․ Համահայկական խաղերի պատճառով փողոցում պաղպաղակի վաճառքը արգելվեց (տեսանյութ)

1998-ի օգոստոսի 11-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն խոսում է շինարարության ծավալների աճի մասին ։Նա այցելել էր Բյուրեղավանի «Հայմարմարգրանիտ» ձեռնարկություն, որի արտադրած  գրանիտե քարերով այդ օրերին սալիկապատում էին Մոսկվայի «Ամենափրկիչ» եկեղեցին -

Մի շարք  հետաքրքիր գործարքներ կնքվում են, դուք երեւի մեկ-երկու շաբաթվա կիմանաք նաեւ ԿԱՆԱԶ-ի վերաբերյալ հետաքրքիր պայմանագրի մասին, հյուրանոցների վերաբերյալ շարժ կա,-ասում է նա:

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին 1999-ի օգոստոսի 11-ին հյուրընկալվել են Ամենայն Հայոց կաթողիկոսի թափուր գահի հիմնական հավակնորդները՝ կաթողիկոսական աթոռի տեղապահ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը եւ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը, ինչպես նաեւ վարչապետ Վազգեն Սարգսյանը։ Նրանք եկել են տեսնելու Գագիկ Հարությունյանի «Շարունակվող երկխոսություն» գիրքը նվիրված հանգուցյալ Վեհափառ գարեգին Առաջինին։ Հարությունյանն ափսոսում է՝ ժողովուրդը նրան լավ չճանաչեց։ Վազգեն Սարգսյանն ավելացնում է՝ նրան խանգարողներ կային։  

Կենտրոն թաղապետարանն ահազանգում է՝ առջեւում համահայկական խաղերն են, փողոցներում դրված պաղպաղակի սառնարանները Կենտրոնի տեսքին հարիր չեն ։ Օրինակ այս մարդը թող իր պաղպաղակները վաճառի հագուստի խանութում։ Մյուս կողմից, ըստ Կենտրոնի թաղապետի տեղակալի, այդ մարդկանց առեւտուրը համայնքի բյուջեին փող է բերում, սակայն բարեկարգումը մնում է բարեկարգում։ Պաղպաղակ վաճառողը բողոքում  է՝ բայց ես չորս օր է վնասով եմ դուրս գալիս, տունս փող չի մտնում։  

Այս երիտասարդը կուսակցության ղեկավար է, Ազգային ակադեմիայի դահլիճում այս ոչ կոմունիստ տղան քարը քարի վրա չի թողնում՝ խոսելով նախագահական եւ խորհրդարանական կառավարման համակարգերի անարդյունավետության մասին ։ Ելքը միակուսակցական կառավարումն է, ասում է, որ սա ռուսների սրտով էլ է -Բոլոր կուսակցությունները դադարեցնում են իրենց գործողությունը, սա է ժողովրդավարության գերագույն նվաճումը, երբ որ ազգն է եւ ժողովուրդն է հասնում այն բանի, երբ որ միահամուռ ընտրում է մի գաղափարախոսություն։

2000 թվականի օգոստոսի 11-ի առավոտյան ԿՎԶ մակնիշի ավտոբուսը Գոգարան գյուղից 3 կիլոմետր դեպի Վանաձոր-Գյումրի մայր խճուղու հատվածում  վթարի է ենթարկվել։ Մահացել է 5 հոգի, վիրավորվել 38-ը։ Մինչդեռ այն 21 հոգի տեղափոխելու համար էր։ Հավանաբար բենզին խնայելու նպատակով վարորդը երթեւեկել է անջատված շարժիչով, բախվել ճամփեզրի քարին եւ 25 մետր գլորվել ներքեւ;

2001-ի այս օրը արդարադատության նախարարը խոսում է քրեակատարողական հիմնարկները ներքին գործերի նախարարությունից արդարադատության նախարարություն տեղափոխելու ընթացքի մասին։ Հիմնական գաղափարը դրանք ապառազմականացնելն է, թեպետ դա էլ հանցագործների թիվը չի պակասեցնի:

Բոլոր երկրներում վերջին 30 տարվա ընթացքում, բոլոր երկրներում նորից եմ ուզում կրկնել, կրկնակի աճել է ազատազրկման դատապարտվածների թիվը։ Եթե այս տենդենցը աճի, պահպանվի, ապա 21-րդ դարի կեսերին մենք բնակչության գրեթե մի զգալի մասը, հատվածը կունենանք ազատազրկման վայրերում:

Կոմկուսի Երեւանի քաղկոմի նախկին ղեկավար Յուրի Մանուկյանը 2001-ի այս օրը խոսելով կոմկուսի պառակտման մասին, մարգարեանում է՝ հնարավոր է կուսակցությունը մեկ տասնյակից ավելի տարի դուրս մնա քաղաքականությունից։ Իրեն եւ Հրանտ Ոսկանյանին վտարել են կուսակցությունից իշխանամետության համար :

2002-ի օգոստոսի 11-ին Լեռնային Ղարաբաղն ընտրում է հանրապետության նախագահ։ Թեկնածուները չորսն են, սակայն ղարաբաղցիները հենց տեղամասերում հավատացնում են, որ ընտրելու են գործող նախագահ Արկադի Ղուկասյանին։  

2003-ի այս օրը դատավոր Սամվել Ուզունյանը բավարարում է մեղադրող կողմի միջնորդությունը եւ որոշում դադարեցնել վկաների հարցաքննությունը։  Որոշմանը դեմ են Ազգային ժողովում գնդակահարվածների հարազատները, դատարանում վերջիններիս շահերի պաշտպանները: «Ահավոր զայրացած եմ: Ես ոչ մի հույս չունեմ», - ասում է Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը: - «Սա քաղաքական որոշում էր: Դատարանը այս որոշումը պատրաստում էր ամբողջ վեց ամսվա ընթացքում»: