Սեւրի դաշնագիրն ու էրդողանի նկրտումները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍևրի պայմանագրի ստորագրումից անցել է 100 տարի։ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն ասում է՝ Սևրի պայմանագիրն այն միջազգային փաստաթուղթն է, որը սերտորեն կապված է հայ ժողովրդի պատմության հետ և այն պետք է ուսումնասիրվի ամենայն խորությամբ:
ԳԱԱ-ում կայացած Սևրի պայամանագրի 100-ամյակին նվիրված գիտաժողովին Ռուբեն Սաֆրաստյանը մեջբերում է Թուրքիայի նախագահի՝ Էրդողանի հետևյալ հայտարարությունը. «Նրանք պարտադրեցին Սևրը, բայց մենք համաձայնեցինք Լոզանի պայմանագրի հետ, մենք մի ազգ ենք, որ ապրում է մեր կորուստների ցավով, եթե կանգ առնենք մենք կվերադառնանք Սևրի պայմաններին»։
Ռուբեն Սաֆրաստյանը պատահական չի համարում, որ Սուրբ Սոֆիայի տաճար - թանգարանը մզկիթի վերածումից հետո առաջին նամազը տեղի է ունեցել նույն այն օրը, երբ մեկ դար առաջ ստորագրվել էր Լոզանի պայմանագիրը։
«Էրդողանն ասում է՝ մենք պետք է վերանայենք Լոզանի պայմանագիրը, ինչը նշանակում է, որ Թուրքիան գնում է առաջ և ուզում է իրականացնել տարածքային ձեռքբեռումներ ի հաշիվ հարևանների։ Սա է Թուրքիան, և սա վտանգ է, ոչ միայն հարևան երկրների այլև հենց իրենց ժողովրդի համար»,-ասում է նա։
«Քեմալական Թուրքիան հնարավոր ներխուժումներից առաջ սպասում էր Ռուսաստանի համաձայնությանը. կարող ենք փաստել, որ հարյուր տարի անց էլ նրանց նկրտումները նույնն են»,-ասում է Պատմական գիտությունների դոկտոր-֊պրոֆեսոր, ակադեմիայի պատմության ինստիտուտի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանը։ Նա Սևրի պայմանագրի գլխավոր դասը համարում է սա. «Չպետք է երբևէ անտեսել ռուսական գործոնի դերը տարածաշրջանում. չմոռանանք, որ կորցրեցինք ՀՀ անկախ պետականությունը հենց քեմալաբոլշևիկյան, խորհրդաթուրքական համագործակցության արդյունքում, դաշնակիցների լռության պայմաններում»։
Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թ. օգոստոսի 10-ին Սևրում (Փարիզի մոտ), Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների միջև։ Ըստ այդ պայմանագրի` հայկական անկախ պետությունը կունենար շուրջ 160 հազար քառ․ կմ տարածք՝ դեպի Սև ծով ելքով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղերձ է հղել, որում ընդգծել է Սևրի պայմանագրի նշանակալից դերը հայ ժողովրդի պատմության մեջ՝ նշելով՝ չնայած Սևրի պայմանագիրն այդպես էլ կյանքի չկոչվեց, այն շարունակում է գոյություն ունենալ որպես պատմական փաստ, որն արտացոլում է անկախ պետականության վերականգնման համար անցած մեր ուղին. «Մեր պարտքն է հիշել այն, գիտակցել և պահպանել նրա խորհուրդը»։