Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault
A A
Պաշտոնական

Խոսնակը մեկնաբանել է «Նորք» ԻՀԿ տնօրեն Մհեր Դավիդյանցի՝ աշխատանքից հեռանալը

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի աշխատանքից հեռացման դիմումին:

«Ուզում եմ հիշեցնել, որ դեռ տարեսկզբից երկու կենտրոնների` ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միացման գործընթաց է սկսվել:

Նոր ձևավորվող բժշկական կենտրոնում Մհեր Դավիդյանցին առաջարկվել էր ընդհանուր գծով տեղակալի պաշտոնը, որն ի սկզբանե ընդունվել էր վերջինիս կողմից, սակայն հետագայում նա հրաժարվել է այդ պաշտոնից։

Նախարարի հրամանով երկու բժշակական կենտրոնների ՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեններն արդեն իսկ ազատված են պաշտոնից՝ կապված նոր կենտրոնի ձևավորման գործընթացի հետ։ Երկու կենտրոնների միացումից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին նշանակելու է նախարարը։

Պարոն Դավիդյանցին առաջարկվել է նաև շարունակել համագործակցությունն իր համար ընդունելի այլ ֆորմատներով, օրինակ` գիտական, ուսումնական գործունեությամբ զբաղվելու:

Նախարարությունը և նախարարը բարձր են գնահատում Մհեր Դավիդյանցի ներդրումը համավարակի դեմ պայքարի աշխատանքներում և ցավում են նրա նման որոշման համար»։

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ Արսեն Թորոսյանի հետ հանդիպելուց հետո Դավիդյանցն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: