Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 7-ը օգոստոսի․ Երեխաներին պարտքով հաց տվող էլ չկա (տեսանյութ)

Կիսով չափ աշխատող «Նաիրիտ» գործարանն ունի լիարժեք աշխատող ամառային ճամբար ։45 տարի առաջ ստեղծված այս ճամբարը երբեւէ հիմնովին չի վերանորոգվել։ 1998-ի օգոստոսի 7-ին ճամբարն ավարտում է առաջին հերթափոխը եւ հաջորդ հերթափոխին պատրաստվում է հյուրընկալել արցախցի երեխաների՝ աննախադեպ փաստ կիսով չափ աշխատող «Նաիրիտ» գործարանի լիարժեք աշխատող ամառային ճամբարի համար։

1998-ի օգոստոսի 8-ին մայրաքաղաքում տեղի է ունենում երկու օր առաջ իր առանձնասենյակում սպանված գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի հուղարկավորության արարողությունը։Դագաղը դրված է Սպայի տանը։ Վերջին հրաժեշտին են ներկայանում նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վարչապետ Արմեն Դարբինյանը, Ազգային ժողովի նախագահը, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը եւ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը։ Վերջինս տրամադրված չէ գնահատել սպանությունը։

Նույն օրը տեղի էր ունենում նաեւ պաշտոնական վարկածով Հենրիկ Խաչատրյանի սպանած, այնուհետեւ ինքնասպանություն գործած քրեադատախազական բաժնի դատախազ Արամ Կարապետյանի հուղարկավորությունը։ Թաղումն առաջնորդում է հոգեւորականը։ Հարազատներն ու մտերիմները վստահ են, որ Կարապետյանն ինքնասպան չի եղել։ Նրանք պետք է բացահայտեն ճշմարտությունը, որպեսզի հանգիստ այցելեն Արամ Կարապետյանի շիրմին։

Ռոբերտ Քոչարյանին առընթեր Պարույր Հայրիկյանի հանձնաժողովը 1998-ի օգոստոսի 8-ի ամփոփ նիստն սկսելուց առաջ հարգում է սպանված դատախազի հիշատակը։ Հանձնաժողովում այսօր սահմանադրական փոփոխությունների առիթով մտքերի փոխանակման օր է ։ Սպասում էին նաեւ Ռոբերտ Քոչարյանի վճռական խոսքին, սակայն գլխավոր դատախազի սպանությունը խանգարեց դրան։

1998-ի օգոստոսի 8-ի դրությամբ հասարակությանը ոչինչ հայտնի չէ գլխավոր դատախազի սպանության եւ քրեադատախազական բաժնի դատախազ Արամ Կարապետյանի ինքնասպանության դրդապատճառների մասին։ Ժողովուրն անձամբ է լրացնում այդ բացը իր վարկածներով։

1999-ի օգոստոսի 7-ին Գորիսում տեղի է ունենում քաղաքապետի ընտրություններ։ Սպասվում էին կրակոցներ եւ բախումներ, քանի որ այն ավանդաբար ընկալվում է Ազգային Ժողովի պատգամավոր Սուրիկ Խաչատրյանի ազդեցության գոտում գտնվող քաղաք։ Հաջորդ օրը պարոն Խաչատրյանն ինքն է պարզաբանում, թե ինչու բախումներ տեղի չունեցան Գորիսի քաղաքապետի հաղթած թեկնածուն՝ Համլետ Մկրտչյանի Սուրիկ Խաչատրյանի կողմնակիցը չէ։ Նա հաղթեց Խաչատրյանի առաջադրած թեկնածու Արա Դոլունցին։ Համլետ Մկրտչյանը 1991-92 թվականներին կառավարության լիազոր ներկայացուցիչն էր Գորիսում։ Ծրագրերն, ասում է, ժողովրդի սրտից են բխում, այդ ծրագրերում կուսակցություններն ու մտավորականները կգտնեն իրենց։ Մտադիր է համագործակցել նաեւ Սուրիկ Խաչատրյանի հետ, որն ինչպես ինքն է ձեւակերպում, իր ընկերն է։

Ընդամենը վերջերս այս երեխաները քնում էին փողոցներում ու շքամուտքերում, կայարաններում ու գերեզմաններում, զբաղվում էին մուրացկանությամբ ու գողությամբ։ 2000 թվականի օգոստոսի այս օրերը նրանց համար լուսավոր է, ծածկ ունեն հատուկ դաստիարակչական դպրոցում, ունեն հստակ ռեժիմ, խաղահրապարակ, բայց խնդիրներ ունենալու հերթը դպրոցինն է ։2000 թվականի օգոստոսի 8-ին այս դպրոցի 80 երեխաներ ծամում են չոր հաց, որը կարող է վերջինը լինել նրանց կյանքում։ Պարտքով հաց տվող էլ չկա։ Ճաշարանում դատարկ կաթսաներ են ։

2001-ի օգոստոսի 7-ին ատոմակայանի աշխատակիցները սպառնացել էին գործադուլ անել ապրիլ ամսից չվճարված աշխատավարձրը վճարելու պահանջով, սակայն նրանց մի մասը հենց նախորդ օրը ստացել էր։ Մնացածինը սպասվում էր օգոստոսի 7-ին։ Աշխատավարձերի մնացած մասը պետությունը խոստանում է վճարել սեպտեմբերի ընթացքում։ Ատոմակայանի աշխատակիցները երաշխիքներ են պահանջում

Հոկտեմբերի 27-ի խորհրդարանական հանձնաժողովն աշխատում է թերեւս հասարակական կարծիքի ձեւավորման վրա, քանի որ հանձնաժողովի որոշումներն իրավական ուժ չունեն,-2001 թվականի այս օրն ասում է հանձնաժողովի անդամ, Ստեփան Դեմիրճյանի թիմակից Ստեփան Զաքարյանը։ Ըստ նրա, հանձնաժողովի եզրակացությունների վրա էլ ուշադրություն դարձնող չկա ։

Հայաստանի մշակույթի նախկին նախարար, բանաստեղծ եւ թարգմանիչ Հակոբ Մովսեսը 2006-ի օգոստոսի 7-ին ասում է, որ նայել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հավաքները, ժողովները, եւ այնտեղ «միակ լուրջ մտածող, կարգին մարդուն», որ տեսել է՝ Գագիկ Ծառուկյանն էր: «Մնացածները՝ ինչ-որ նկարիչներ, պարուսույցներ, պարողներ, երեկ ՀՀՇ-ի արոտներում էին, քիչ առաջ՝ դաշնակցականների, հիմա՝ «Բարգավաճ Հայաստան»-ի: Ես շատ վախենում եմ, որ այդ մարդիկ ուղղակի Գագիկ Ծառուկյանին վարկաբեկեն»: Նույն օրը Հայաստանի Ազգային ժողովի «Արդարություն» ընդդիմադիր խմբակցության անդամ Վիկտոր Դալլաքյանը դուրս է եկել խմբակցությունից: «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանին ներկայացված դիմումում պարոն Դալլաքյանը գրում է. «Հայցում եմ բոլորիդ ներողամտությունը, եթե իմ գործունեության ընթացքում ինչ֊-ինչ հարցերում թերացել եմ»։