Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Մեղրաքամ.մեղվապահը մեղվից ժրաջան պետք է լինի (տեսանյութ)

Շիրակի մարզի Բագրավան գյուղում ապրող Կարապետ Կարապետյանն ու Ասատուր Ասատրյանը տարիներ շարունակ զբաղվում են մեղվապահությամբ, մեղուների մեղրատվությունից դժգոհ չեն, թեև ասում են՝ ֆինանսական խնդիրներ կան, ցածր տոկոսադրույքով վարկեր ստանալու դեպքում կարող են էլ ավելի շատացնել մեղուների փեթակներն ու մեղրի ծավալները։

Հուլիս-օգոստոսը մեղրաքամի իսկական ժամանակն է, մեղրաքամ հիմնականում իրականացնում են բերքի համեմատաբար պասիվ շրջանում։ Գործընթացն էլ մի քանի փուլով է իրականացվում։

Առաջին փուլում մեղուներին ծխահարում են,  թմրեցնում , ընթացքում մի քանի մեղուներ հասցնում են մեղվապահներին խայթել, այնուհետև շրջանակներն ազատում են մեղուներից, արկղերով տեղափոխում են համապատասխան վայրեր մեղրաքամի երկրոդ փուլի համար։

Այնուհետև անցնում են երկրոդ փուլին։ Փեթակների միջից հանված շրջանակները համապատասխան դանակի միջոցով ազատում են մեղրամոմից,  տեղադրում մեղրաքամ սարքի մեջ, վայրկյաններ անց թարմ մեղրը արդեն ծորում է մեղրաքամի մեջ։

Պարոն Ասատուրն ասում է՝ մեղրաքամից հետո արդեն պատրաստի մեղրից բոլոր բարեկամներին բաժին հանում են, լավություն են անում։

Մեղվապահները համոզված են՝ իրենք մեղվից ավելի ժրաջան պիտի աշխատեն որակով մեղր ստանալու համար։

 «Մեղվապահը մեղվից ժրաջան պետք է լինի, որ մեղուն էլ իրանից լավ աշխատի»,-ասում է պարոն Կարապետը, ով մեղուների հետ աշխատել սովորել է դեռ իր հայրիկից։