Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled3
A A
Հասարակություն

Բողոքի ակցիա ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման. օր երրորդ.․ թարմացված (տեսանյութ)

22 30 Ամուլսարի հանքերի շահագործման դեմ պայքարի ակցիան այսօր ավարտվեց։ Որոշվեց, որ վաղը «Լիդիանի» և Ամուլսարի պահապանների վագոն-տնակները կհանվեն, ինչը հայտարարել է Ջերմուկի համայնքապետ Վարդան Հովհաննիսյանը։

Ցուցարարներն ասացին, որ վաղը գալու են և հսկելու են, որպեսզի կատարվի իրենց պահանջը։

Իսկ ինչ վերաբերում է Ամուլսարի պահապանների հիմնական պահանջին՝ հանքը չշահագործելուն, ապա այն նույնն է՝ Կառավարությունը պետք է չեղարկի ՇՄԱԳ-ը։

Ակցիայի մասնակիցները տուն են գնում։

21.00   Ամուլսարի հանքի տարածքում շարունակվում է ջերմուկցիների բողոքի ակցիան։ Ոստիկանությունը կրկին դիմելով ակցիայի մասնակիցներին, առաջարկեց ժամանակավորապես բացել ճանապարհը, քաղաքի հյուրերի փոխադրումն իրականացնելու համար։ Ոստիկանությունն ասաց, որ այս պահին որոշել են ակցիայի մասնակիցների գործողություններին չխոչընդոտել, միայն պատրաստվում են ապահովել հասարակական կարգը։

Ի պատասխան ցուցարարները հայտարարեցին, որ պահանջում են հանդիպում Ջերմուկի համայնքապետի հետ և ակնկալում են նրանից լսել հստակ ժամկետներ, թե երբ են դուրս բերվելու վագոն-տնակները, հակառակ դեպքում' ակցիան կշարունակեն և կշարունակեն նաև իրենց պահանջները առաջ քաշել։

Ցուցարարներին մոտեցավ Ջերմուկի համայնքապետ Վարդան Հովհաննիսյանը։ Նա հայտնեց, որ գրություն են ուղարկել, իրավապահները դրանով զբաղվում են, իրենք էլ սպասում են Լիդիանի պատասխանին: Համայնքապետի խոսքով՝ կա տեղեկություն, որ այդ հատվածում Լիդիանի վարձակալած հողն է, դրանով զբաղվում են՝ արդյո՞ք այս հատվածը հնարավոր էր վարձակալել: Այլ հարցերի քաղաքապետը չանդրադարձավ:

«Համբերեք, մինչև առավոտյան պատասխանը ստանանք»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Լիդիանը պատասխանը կլինի առավոտյան և վագոն տնակների օրինականության և գոյության հարցը կհստակեցվի։

Ակտիվիստները, սակայն, պնդեցին, որ տնակները հենց հիմա հանվեն տարածքից։ Քաղաքապետը ևս մեկ անգամ վստահեցրեց, որ տնակները վաղը անպայման կհանվեն տարածքից, մինչ այս չեն հանվել քանի որ գործընթացը եղել է ժամանակատար, քննարկումներն այս պահին շարունակվում են։

 

20. 15 Այս պահին ոստիկանությունը որևէ գործողություն չի իրականացնում, միայն իրազեկում է, որ դադարեցնեն հավաքը, ասելով, որ արտակարգ դրության պայմաններում արգելված է բողոքի ակցիա իրականացնել, ինչպես նաև պահանջում են բացել երթևեկելի հատվածը։

Նշենք, որ մեկ տասնյակից ավելի մեքենաներ կան կայանված ճանապարհին, որոնք առաջացրել են խցանում։

Ինչ վերաբերում է պարետի որոշմանը, որ արտակագ դրության ժամանակ արգելվում են ակցիաները, մասնակիցները նկատել են տալիս, որ իրենց հասարակական բողոքի թույլտվությունն ամրագրված է Սահմանադրությամբ, որը երկրի մայր օրենքն է և պարետի որոշումն ավելի ցածր իրավական ուժ ունի։

19.45  Ավտոերթով Ամուլսարի հարակից տարածք են ժամանում ակցիայի մասնակիցները։ Նրանց ավտոերթը սկիզբ էր առել Ջերմուկ քաղաքից։ Հիշեցնենք, որ նրանք երկու պահանջ ունեն,  պահանջներից մեկը մի քանի օր առաջ տեղաշարժված վագոն-տնակներին է վերաբերում, մյուսը, որը հիմնական պահանջն է, Կառավարությունից պահանջում են ընդունել որոշում, որով Ամուլսարի հանքի շահագործումը կդադարեցվի։

Ակցիայի մասնակիցները քննարկում են իրենց առաջիկա անելիքները։  Ասում են, որ եթե իրենց պահանջները չկատարվեն, ապա իրենք ճանապարհներ կփակեն։

 

18.00   Բողոքի ակցիա ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման շարունակվում է։ Այսօր երրորդ օրն է։ Այս պահին այստեղ են գտնվում միայն Ոստիկանության ներքին զորքերի ծառայողները։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 5-ին, բնապահպանների խոսքերով ներքին զորքերի ծառայողները ոչ համաչափ ուժ են կիրառել իրենց նկատմամբ։ Բնապահպաններին անհասկանալի է այն հանգամանքը, թե այս գործողություններում ինչու է ներգրավված  Ոստիկանության ներքին զորքերը։

Տեսանյութը՝ Faktor.am-ի։