Բացել լրահոսը Փակել լրահոսը
սերժ Սարգսյան
A A
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանի գործով նիստը հետաձգվեց․ նրա չներկայանալը դատարանն անհարգելի համարեց (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ հետաձգվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական հերթական նիստը։  

Սերժ Սարգսյանը դատական նիստին ներկա չէր։ Պաշտպան Ռուբեն Հակոբյանը պարզաբանեց, որ Սարգսյանը բացակայում է, քանի որ դատարանը դեռևս չի կարողացել ապահովել անվտանգության կանոնները:

Չներկայանալու պատճառներից մեկն էլ, ըստ փաստաբանի, նրան ուղեկցելու հետ կապված տեխնիկական խնդիրներն են:  

Դատարանը անհարգելի համարեց Սերժ Սարգսյանի բացակայությունը: 

Գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը ևս չէր մասնակցում նիստին։ 

Փաստաբանն ասաց՝ պաշտպանյալը վատառողջ է, ունի բարձր ջերմություն։

Դատական նիստին չէր ներկայացել նաև Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ առողջական խնդիրների պատճառով, մասնավորապես՝ պաշտպանի  ինքնազգացողությունն այսօր առավոտյան վատացել է, և նա «Նաիրի» բժշկական կենտրոնում թեստ է հանձնել, որի պատասխանը դեռ չի ստացվել: 

Վերջինս գրավոր միջնորդել էր դատարանին հետաձգել այս գործով դատական նիստերը՝ հղում կատարելով պարետատան կողմից մշակված հակահամաճարակային ցուցումներին։

Հիշեցնենք, որ գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։

Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 3-ին, ժամը 15.00-ին: