Բացել լրահոսը Փակել լրահոսը
ալինա
A A
Պաշտոնական

Ալինա Նիկողոսյանը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից նախարարի նկատմամբ հարուցված վարույթի մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով հարուցված վարույթին:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ նախարար Արսեն Թորոսյանը և նախարարությունը բազմիցս անդրադարձել են այս հարցին, որը նախկինում ևս բարձրացվել էր ԶԼՄ-ներում:

Այստեղ շահերի իրական բախում չենք տեսնում, քանի որ նա կամ նրա ընտանիքի անդամները տվյալ ՍՊԸ-ի մասնակից չեն հանդիսանում, ինչպես նաև որևէ այլ գույքային բարելավում չեն ստացել նախարարության հետ կնքված պայմանագրերի շնորհիվ: Շահերի բախումը թվացյալ է:

Այդ պայմանագրերը դոտացիաներ կամ նվիրատվություններ չեն կազմակերպություններին, այլ դրանք պետական պատվերի շրջանակներում բժշկական ծառայությունների մատուցման պայմանագրեր են, որոնց շրջանակներում բժշկական ծառայություններ են ստանում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ունեն դրա իրավունքը:

Ուզում նաև եմ տեղեկացնել, որ բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություններում պետական պատվերի տեղադրման կարգը նույնն է նման ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունների համար:

Նախարարը կամ նրա ներկայացուցիչը հանձնաժողովում կներկայացնի իր փաստարկները, եթե դրա կարիքը լինի»:

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրավիճակային շահերի բախման առերեւույթ դեպքի հիմքով վարույթ է հարուցել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ։