Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Սա հակապատմական ու հակահայկական է, դուք ո՞վ եք, որ որոշեք․Լևոն Շիրինյան (տեսանյութ)

«Հանրակրթության չափորոշիչները դարձել են մանիպուլատիվ գործիք, իրազեկման խնդիր կա»,-նշում է ՀՔԴԿ կուսակցության անդամ Թամար Հայրապետյանը:  Ըստ նրա` քննարկումների առարկա դարձած հանրակրթության չափորոշիչները անհրաժեշտ են, սակայն լի բացերով․ «Չափորոշիչներով հստակ սահմանվում է պարտադիր 4 առարկա։ Այսպես հայոց լեզու և հայոց պատմություն առարկաները ոչ միայն չեն կրճատվում, այլ ավելանում են։ Սակայն այս ամենի հետ մեկտեղ էթիկապես, արժեքային առումով մեծապես կրճատումներ կան»։ Հայրապետյանը դրական է վերաբերում Հայ եկեղեցու պատմությունը միասնական պատմության հետ անցնելու նախաձեռնությանը․ «Ինչ-ինչ պատճառներով եկեղեցին քաղաքականացված է, նախկին իշխանությունները նպատակ ունեին կոնպենսացնելու, հանրակրթությունը  օգտագործվում էր որպես քարոզչության հարթակ։ Մեկ առարկայով անցնելը որևէ կերպ չի նսեմացնում եկեղեցու պատմությունը, պետք է, որ այն լինի պատմության համատեքստում»։ ՀՔԴԿ առաջնորդ Լևոն Շիրինյանը շրջանառության մեջ դրվածը հակահայկական է համարում.  «Այս ամենի հենքը սխալ է, ռեֆորմներ այսօր խիստ անհրաժեշտ են, որովհետև երկիրը մոդեռնիզացիայի խնդիր ունի, սակայն ոչ այս կերպ։ Սա մեր արժեհամակարգի հետ չի համընկնում։ Այո, անիմաստ է տարանջատել երկու պատմությունները, սակայն բանիմաց մարդը կարո՞ղ է մշակույթը պատկերացնել առանց Մխիթարյանների»։ Շիրինյանը տարակուսում է՝ ինչպես են կրթում ապագա զինվորին, ով պետք է կանգնի թշնամու առաջ։ Նրա համոզմամբ մարդիկ, ովքեր նախաձեռնողներն են, պատմությունը հստակ չգիտեն և եկող սերունդներին սովորեցնում են, թե թուրքը կարող է բարեկամ լինել․ «Ամբողջ կոնցեպցիան հակահայկական ու հակապատմական է։ Նախաձեռնողները այդ ոլորտի մասնագետներ չեն, դուք ո՞վ եք, որ որոշեք։ Ուզում եք թուրքին բարեկա՞մ դարձնել»։ Հարցին՝ քննադատությունները ընդունվո՞ւմ են նախագծի հեղինակների կողմից` Թամար Հայրապետյանը լիահույս է, որ դրանք չեն անտեսվում և չեն անտեսվի, քանզի քննարկումները դեռևս շարունակվում են։ Մանրամասները` տեսանյութում