Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Վերանայվելու են հանրահավաքներ անցկացնելու հարցերը․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)

Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգել: Այս մասին պարետատան նիստից հետո հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը` հավելելով, որ սա կլինի արտակարգ դրության վերջին երկարաձգումը, որից հետո ԱԺ-ում կքննարկվի արտակարգ իրավիճակներով պայմանավորված օրենքների փոփոխության հարցը:

Չնայած երկարաձգմանը` գործող սահմանափակումներն էականորեն փոփոխվելու են,-վստահեցրեց պարետը.

«Վերնայվելու է օտարերկրյա քաղաքացիների մուտքի հարցը, վերանայվելու են ապրանքների արտահանման որոշակի սահմանափակումներ, վերանայվելու են հանրահավաքներ անցկացնելու հարցերը, վերանայվելու են հանրային միջոցառումներ անցկացնելու հարցերը և այս բոլոր հարցերը կախված են համաճարակային իրավիճակից»:

Մինչև օգոստոսի 10-ը ներկայացվելու է վերջնական ծրագիր՝ հանրակրթական դպրոցները վերաբացելու վերաբերյալ:

Լուծումներ առաջարկվելու են նաև արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների համար,-նշեց նա:

 Վաչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին արձանագրեց` օգոստոսի 4-ին հունիսի 4-ից հետո առաջին անգամ մեր  կորոնավիրուսով վարակված ակտիվ դեպքերի թիվը պակաս է 8000-ից և մենք  բոլոր ցուցանիշների թվով գտնվում ենք մայիսի վերջին հունիսի առաջին շաբաթում արձանագրված դեպքերի մակարդակին:

Նրա խոսքով` քաղաքացիները թուլացրել են հակահամաճարակային կանոնների պահպանումը և շատերին թվում է` իրավիճակը հաղթահարված է, մինչդեռ ամենևին այդպես չէ, նախորդ օրը արձանագրվել է 288 նոր դեպք, ինչը, ըստ վարչապետի, մեծ թիվ է և իրավիճակը մնում  է չհաղթահարված:

«Մենք գտնվում ենք այն նույն վտանգներին հանդիման, ինչ վտանգների առաջ գտնվում էինք մայիսի կեսերին, երբ ակնկալում էինք, որ համաճարակի դեմ ապակենտրոն պայքար կսկսվի, բայց, ցավոք, այդ պայքարը այնքան էլ արդյունավետ չստացվեց»,-խոստովանեց ՆԻկոլ Փաշինյանը` ևս մեկ անգամ ընդգծելով Կառավարության և հանրության համագործակցության կարևորությունը:

Վարչապետը նաև պնդեց` մենք ստացել ենք շանս հաղթահարելու իրավիճակը` հորդորելով քաղաքացիներին նախանձախնդիր լինել հաղթահարման հարցում:

Ասուլիսին մասնակցող  Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս հորդորեց ուժեղացնել կանոնների պահպանումը` հիշեցնելով, որ  ցուցանիշը շարունակում է բարձր մնալ.

«Մենք շաբաթական կտրվածով ունենում ենք 50-100 նվազ դեպք, քան նախորդ շաբաթ»:

Նախարաը ևս համոզված է` թվերի նվազումը շանս է  վարակի տարածումը հաղթահարելու համար:

Տեղեկացրեց, որ այս պահին ծանր վիճակում է 300 քաղաքացի, ծայրահեղ ծանր` 68 քաղաքացի: Մահվան ցուցանիշը ևս նվազել է: