Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed (1)
A A
Պաշտոնական

«Լիդիան Արմենիան» չի բանակցելու օրենքի շրջանակներից դուրս որևէ առարկայի շուրջ. հայտարարություն

«Լիդիան Արմենիան» հայտարարություն է տարածել, որում ասվում է.

 ««Լիդիան Արմենիան» խիստ մտահոգություն է հայտնում Ամուլսարում ստեղծված իրավիճակի առնչությամբ:

Երեկ «Լիդիանը» իր տարածքից հեռացրել է արդեն երկու տարի ապօրինի տեղադրված վագոն-տնակները: «Լիդիանի» տարածք ապօրինի ներխուժած խմբավորումը օգոստոսի 4-ին ողջ օրը սադրիչ հայտարարություններով հրահրում էր համայնքի բնակիչներին` սպառնալով «արյունահեղությամբ» ու կոչ անելով միանալ ապօրինությանը:

Չնայած բոլոր ջանքերին, համայնքը հիմնականում անմասն մնաց ապօրինություն իրականացնող խմբավորման գործողություններից, և նրանց աջակցելու միացան մի քանի տասնյակ սադրիչ Երևանից: Հազարավոր մարդիկ այս համայնքներում արդեն երկու տարի սպասում են խնդրի օրինական կարգավորմանը: Զրկված օրինական աշխատանքից, հուսահատված մարդիկ ապրում են ապօրինություն իրականացնող խմբավորման մշտական սպառնալիքների ներքո` չստանալով իրենց իրավունքների օրինական պաշտպանություն պետությունից և իրավապահ մարմիններից:

Երեկ ևս համայնքի ավելի քան 5 հազար բնակիչ ուղիղ եթերում հետևում էր, թե ինչպես է մի քանի տասնյակ սադրիչ` այդ թվում տարբեր պատեհապաշտներ` Երևանից, համայնքի անունից բանակցում այս ապօրինության հանդեպ հետևողական հանդուրժողականություն դրսևորող ոստիկանության հետ:

«Լիդիան Արմենիան» պաշտոնապես հայտարարում է, որ ընկերությունը շարունակելու է լինել Հայաստանի այն բացառիկ ընկերություններից, որ որևէ պարագայում չի շեղվելու օրենքի տառից, որքան էլ դա դժվար լինի: Ընկերությունը չի բանակցելու օրենքի շրջանակներից դուրս որևէ առարկայի շուրջ: Ընկերությունը շարունակելու է պայքարել իր օրիանական իրավունքները վերականգնելու համար, ի հեճուկս բոլոր այն ուժերի, որոնք փորձում են ապօրինի գործողություններով տապալել երկրի խոշորագույն և օրինակելի ներդրումը:

«Լիդիան Արմենիան» հայտարարում է, որ չի դառնալու քաղաքական խաղաքարտ որևէ ուժի համար:
Ողջ աշխարհը արդեն երկու տարի հետևում է այս աննախադեպ ապօրինությանը, որը խարան է թողել Հայաստանի հեղինակության վրա:

«Լիդիան Արմենիան» կառավարությանը և ոստիկաությանը կոչ է անում վերականգնել օրենքը և կանգնել օրենքի երկամյա ոտնահարումից տուժած հազարավոր քաղաքացիների իրավունքների կողքին»: