Բացել լրահոսը Փակել լրահոսը
040820Khorhrd
A A
Պաշտոնական

Դրամահավաք՝ Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման նոր կենտրոնի սարքավորումների ձեռքբերման համար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 4-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որտեղ քննարկվել են Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման նոր կենտրոնի համար անհրաժեշտ սարքավորումներ և գույք ձեռք բերելուն վերաբերող հարցեր:

Նախագահ Հարությունյանը նշել է, որ նոր շենքի հիմնական շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են գտնվում, և մասնագետների ու ոլորտի պատասխանատուների հետ քննարկումներից հետո այն որպես ծննդատուն շահագործման հանձնելու վերջնական որոշում է կայացվել, իսկ գործող շենքը կծառայի նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների բուժմանը:

Ոլորտի պատասխանատուները նախագահին են ներկայացրել անհրաժեշտ սարքավորումների և գույքի գնման վերաբերյալ զեկույցներ՝ վստահեցնելով, որ ցանկում ներառվել է միայն առաջատար ընկերությունների՝ որակական առումով ժամանակակից պահանջներին համապատասխանող արտադրանքը: 

Հաշվի առնելով հարցի հրատապությունը՝ նախագահը նշել է, որ սարքավորումների գնման համար Կառավարությունը վարկավորման հարցում պայմանավորվածություն է ձեռք բերել «Արցախբանկ» ՓԲ ընկերության հետ, սակայն համապատասխան գումարը հավաքագրելու և բանկի տրամադրած վարկային միջոցները մարելու համար «Հայաստան» համահայկական հիմնադրամը դրամահավաք կկազմակերպի: 

Խորհրդակցությանը մասնակցում էին առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը, ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը, «Արցախբանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Արտակ Բալայանը, առողջապահության ոլորտի մասնագետներ, պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ