Բացել լրահոսը Փակել լրահոսը
Dproc3
A A
Հասարակություն

Անգործ վաճառողներ՝ սեպտեմբերի 1-ից առաջ

Նոր ուսումնական տարվա  առեւտուրն այս տարի չկա։ Խանութներն ու շուկաները հիմնականում դատարկ են, վաճառողները՝ պարապ։  Նույն վիճակն է  «Ռոսիա» առևտրի կենտրոնում, երբ փորձեցինք պարզել կա արդյոք դպրոցական հագուստի եւ կոշիկի պահանջարկ

«Առևտուր ընդհանրապես չկա, մեկ մտածում ենք բերենք ապրանք դպրոցների համար, մեկ էլ մտածում ենք, որ օգոստոսի կեսից նոր որոշում կլինի արտակարգի մասին, ապրանքը կմնա»,- ասում է  «Ռոսիա» առևտրի կենտրոնի մանկական հագուստի բաժնի վաճառողուհի Անահիտ։ 

Հիմնականում ապրանքը տարիներ շարունակ բերվել է հարևան երկրներից՝  Վրաստանից ու Թուրքիայից, իսկ այս տարի նախ սահմանն է փակ, մյուս կողմից էլ  վաճառողուհիներն ասում են, որ ընդհանրապես պահանջարկ չկա։

 «Պայուսակներն ինքնարժեքով եմ դրել, բայց  հարցնող անգամ չկա։ Եթե օգոստոսն էլ  այսպես շարունակվի, մյուսների պես ես էլ տարածքը կհանձնեմ, կնստեմ տանը»,- ասում է   տիկին Սիրունը։

Վաճառողները պատմում են, որ այս ամիսներին պարտքով են մարել տարածքի վարձավճարները։

 «Հունիս-հուլիս ամիսներին 4 քառակուսի տարածքի համար 200000-ի փոխարեն 155000 ենք տվել, իսկ օգոստոսի համար չգիտեն զեղչ կանեն, թե՞ չէ։ Էլ տեղ չկա պարտք անելու, փակելն ավելի ճիշտ ա երևի»,- ասում է տիկին Սիրունը։

Վաճառողների խոսքով՝ 25 տարվա ընթացքում երբեք նման խնդիր չի եղել։